Ստամբուլի «Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել թուրք պատմաբան, հետազոտող եւ սոցիոլոգ Թաներ Աքչամի նոր գիրքը՝ «Ermeni Soykırımı’nın Kısa Bir Tarihi» («Հայոց ցեղասպանության համառոտ պատմություն») վերնագրով:
Հրատարակիչները գրքի առթիվ հայտնում են, որ Օսմանյան կայսրությունն ու Թուրքիայի հանրապետությունը թեեւ հստակորեն տարանջատվում են միմյանցից, ունեն ճամփաբաժաններ, բայց որոշ դեպքերում ունեն նմանություններ եւ շարունակականություն, եւ այդ առումով շատ իրադարձություններ, հասկացություններ ու վեճեր հայտնվում են պատմաբանների ուշադրության կենտրոնում:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը հրատարակչության ներկայացրած թուրքերեն ծանուցման հիման վրա Աքչամի գրքի բովանդակության մասին նշում է. «Կայսրությունից հանրապետություն անցման ամենասուր ու ողբերգական անկյունադարձերից մեկում ի հայտ է գալիս հայկական հարցը, որի «սահմանված» շրջանը չի վերջանում միայն 1915-1918 թվականներով։ Թաներ Աքչամը, որ շուրջ երեսուն տարի է՝ որպես պատմաբան խոշորացույցի տակ է վերցրել թեման, այս գրքում թեեւ ամփոփում, սակայն նաեւ ընդհանուր շրջանակ է գծում՝ բյուրեղացնելու 1878-1923 ժամանակաշրջանի վերաբերյալ ընկալումները։ Օսմանյան կայսրության գրեթե չորս բնակչից մեկը քրիստոնյա էր։ Այսպիսի ժողովրդագրական իրողությունից հետո ցեղասպանությունը միայն հայերով չի սահմանափակվել, եւ գործընթացը այնպիսի հետեւանքներ է ունեցել, որ քրիստոնյա տարրերը սոցիալական եւ մշակութային առումով ոչնչացվել են: Հանրապետական շրջանում գործի դրված քաղաքականություններով այս գործընթացը տարբեր ձեւերով շարունակվել է: Ուստի, մերօրյա Թուրքիայի ընկալման տեսանկյունից, այս բոլորն ունեն բանալիի նշանակություն։ Թաներ Աքչամի այս գիրքը օսմանյան պետության քրիստոնյա բնակչության՝ համակեցությունից դեպի ոչնչացումն է բացատրում, ցույց է տալիս նաեւ որոշումներ ընդունողներին»:
Գրքի խմբագիրներն են Օնուր Քոչյիղիթն ու Ռոբեր Քոփթաշը, կազմը ձեւավորել է Մելիսա Արսենյանը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։