Ռուս մասնագետները ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը։ Այժմ այն փորձարկման փուլում է, որի ընթացքում դրոնները մարզվում են օդապարիկների վրա։
«Ռոստեխ» պետական կորպորացիայի «Կալաշնիկով» ընկերությունների խմբի մեջ մտնղ ZALA Aero ընկերության գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովն ասել է, որ համակարգի հիմքը կդառնան կամիկաձե «Լանցետ» դրոնները։ Դրանք հնարավոր հակառակորդի անօդաչու սարքերից կրկնակի արագ են եւ հեշտությամբ կարող են խոցել դրանց:
«Լանցետ»-ները կարող են օդում մնալ մի քանի տասնյակ ժամ՝ «ականապատում» ստեղծելով։
Ռուսական հատուկ ստորաբաժանումները անցյալ տարվանից մի քանի տասնյակ «Լանցետ-3» անօդաչու թռչող սարքեր են կիրառել Սիրիայում միջազգային ահաբեկիչներին հարվածելու համար:
«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Ալեքսանդր Զախարովը նշել է, որ մարտական պայմաններում փորձարկումների համար Սիրիայում ռուսական զորախմբին «Կալաշնիկովի» մշակած «Լանցետ»-ների փորձարարական խմբաքանակ է մատակարարվել:
ZALA Aero-ի արտադրության «Կուբան» կամիկաձե-անօդաչուները Սիրիայում կիրառվում են 2019-ից:
ZALA Aero-ն ստեղծել է նաեւ կոնվերտոպլան առաջին անօդաչու սարքը, որը միավորում է ինքնաթիռի եւ ուղղահայաց թռիչք ու վայրէջք կատարող կվադրոկոպտերի հատկությունները: Ընկերությունը նաեւ մշակել է հիբրիդային ուժային կայանքով առաջին անօդաչու սարքը, որը բաղկացած է ներքին այրման շարժիչից եւ էլեկտրաշարժիչից: