Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Իլհամ Ալիեւի՝ Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում միջազգային փորձագետների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությունները Հարավային Կովկասում վերջին ամիսներին ծավալված զարգացումների առթիվ ԱՄՆ-ի ոչ հստակ դիրքորոշման մասին։
Ալիեւը նաեւ հայտարարել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը խախտում է հավասարակշռությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ։
«ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատեւ քաղաքական կարգավորմանն ու հաշտեցմանը նպաստելու համար»,- նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
«Վաշինգտոնը շարունակում է կարեւորել գործընկերությունը Ադրբեջանի հետ կենսական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում»,- ընդգծել են ամերիկացի դիվանագետները։