Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը չի լուծի Եվրամիությունում պատվաստման արագացման հարցը:
Էմանուել Մակրոնը նշել է, որ առողջապահության եվրոպական մարմինները դեռ թույլ չեն տվել գնել «Սպուտնիկ V» պատվաստանյութը, եւ այն չի կարող օգտագործվել Ֆրանսիայում:
Բացի դրանից՝ մինչեւ եվրոպական գործակալության թույլտվությունը ստանալը ռուսական պատվաստանյութը Եվրոպայում արտադրելու համար շատ ժամանակ կպահանջվի:
Ռուսաստանը հունվարի 29-ին դիմել էր Դեղամիջոցների եվրոպական գործակալությանը՝ «Սպուտնիկ V»-ն ԵՄ-ում գրանցելու համար: Մարտի 4-ին հայտնի է դարձել ռուսաստանյան պատվաստանյութի փորձաքննությունը սկսելու մասին:
Հայտնի չէ՝ գործակալությունը երբ կտա «Սպուտնիկ V»-ի արդյունավետության, անվտանգության եւ որակի՝ ԵՄ-ում սահմանված չափորոշիչներին համապատասխան լինելու գնահատականը: