Ըստ ՌԴ քրեակատարողական ծառայության կայքի՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին բանտից տեղափոխել են Վլադիմիրի շրջանի հիվանդանոց։
Նավալնիի առողջական վիճակը բավարար է, նրան իր համաձայնությամբ վիտամինային թերապիա է նշանակվել։
Նախօրեին բժիշկները հրապարակել էին ընդդիմադիր գործչի արյան հետազոտության արդյունքները՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը մոտ է կրիտիկականին։
Մասնավորապես, բուժող բժիշկ Անաստասիա Վասիլեւան հավաստել է, որ Նավալնիի սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ կա։ Բացի դրանից՝ արձանագրվել էին երիկամային անբավարարության վտանգ եւ տեսողությունը վատթարացում՝ երկու շաբաթ տեւած հացադուլից հետո:
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, ի պաշտպանություն Նավալնիի, ընդդիմության հանրահավաք է հրավիրել ապրիլի 21-ին: Այդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուղերձով դիմելու է Դաշնային ժողովին։
Նախօրեին Միացյալ Նահանգների կառավարությունը նախազգուշացրել է Ռուսաստանին «հետեւանքների» մասին, եթե Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին բանտում մահանա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանի կառավարությունը պատասխանատվություն է կրելու միջազգային հանրության առջեւ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորվելուց եւ Գերմանիայում բուժումը ավարտելուց հետո Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին վերադարձել է Ռուսաստան եւ անմիջապես կալանավորվել։
Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտել։
44-ամյա Ալեքսեյ Նավալնին մարտի 31-ին հրաժարվել էր սննդից՝ բողոքելով, որ չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն ոտքի եւ մեջքի ցավի համար: