Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց հնարավորություն է տրվել հեռախոսով կապ հաստատելու հարազատների հետ։
Ամատունին նշել է, որ Կարմիր խաչը կապ է պահպանում բոլոր հարազատների հետ, սակայն չի մանրամասնել, թե այս անգամ քանի գերու է հնարավորություն տրվել խոսելու հարազատի հետ։
«Մենք ուրախ ենք, որ ընտանիքների հետ կապ պահպանելու հնարավորությունը շարունակվում է: Իհարկե, այն մարդկանց մասին է խոսքը, որոնց մասին մենք ունենք ստույգ տեղեկություն, եւ հաստատված են եղելությունն ու պահման վայրը։ ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների շրջանակում՝ լինի նամակի միջոցով, բանավոր հաղորդագրությունների տեսքով, հնարավորության դեպքում էլ՝ զանգերի միջոցով, կապ է պահվում հարազատների հետ»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ նշել է ՀՀ-ում ԿԽ միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:
Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ իրենց մոտ ոչ մի ռազմագերի այլեւս չկա, կան միայն «հայ ահաբեկիչներ»։
Մինչեւ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, որոնց թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլեւ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը։