Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի աշխատակցուհի Զարուհի Ստեփանյանը զգուշությամբ բացում է գրադարանի այն սենյակների դռները, որտեղ պահվում են հայոց մեծերի անհատական հավաքածուները՝ նվիրաբերված գիտական գրադարանին: Հավաքածուում իր ուրույն տեղն ունի ծագումով արեւմտահայ, Ֆրանսիայում բնակված գիտնական եւ քարտեզագիր Զատիկ Խանզադյանի ֆոնդը՝ նրա կազմած բազմաթիվ քարտեզներից յոթի բնօրինակները, նաեւ հուշամեդալ, գրիչ:
Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում հիմնարար գիտական գրադարանը մի շարք այլ ձեռնարկների շարքում ոգեկոչեց հայ ծովակալ, աշխարհագրագետ-քարտեզագիր Զատիկ Խանզադյանի հիշատակը, որը, պատմական Հայաստանի քարտեզները կազմելուց բացի, նշանակալի ներդրում է ունեցել նաեւ տասնյակ այլ երկրների քարտեզագրության մեջ:
Գիտական գրադարանում պահվում են Փոքր Ասիան եւ Արեւմտյան Հայաստանը 19-րդ դարում ներկայացնող քարտեզները, որ Զատիկ Խանզադյանը կազմել է եվրոպական, մերձավորարեւելյան երկրների պետական եւ թանգարանային արխիվները, գրադարանային եւ այլ հավաքածուները երկար տարիներ ուսումնասիրելուց հետո:
Թուրքական Մանիսա քաղաքում ծնված, այնուհետեւ Զմյուռնիայում եւ Փարիզում ուսանած հայ քարտեզագետի ծննդյան 135-ամյակը լրացավ այս ապրիլին. հոբելյանական առիթով հիմնարար գիտական գրադարանը մոռացության դարակներից հանել է Զատիկ Խանզադյանի անունը՝ ներկայացնելով նրա կյանքից մանրամասներ:
Զմյուռնիայի Մեսրոպյան հայկական վարժարանում, տեղի ռազմածովային ուսումնարանում, Փարիզի նավագնացության դպրոցում, այնուհետեւ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի բարձրագույն ակադեմիայում սովորելուց եւ Ֆրանսիայի ռազմածովային ինժեների՝ կոմանդորի կոչում ստանալուց հետո Խանզադյանը գործողվում է Կոստանդնուպոլիս, ընդգրկվում ֆրանսիական հանձնախմբի կազմում, որ մասնակցում էր օտոմանյան նավատորմի վերաշինության աշխատանքներին:
Այստեղ նա նշանակվում է տեղի ռազմածովային ուժերի քարտեզագրական ծառայության պետի պաշտոնում, դասավանդում թուրքական բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ 1912 թվականին նրան շնորհվում է աշխարհագրական գիտությունների դոկտորի աստիճան: Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես թուրքերը, զգուշանալով եւ նրան համարելով անցանկալի անձ, հեռացնում են պաշտոնից եւ կալանված պահում նավի վրա: Բուլղարացի գեներալ Մարկովի ջանքերով նա կարողանում է տեղափոխվել Բուլղարիա (Վառնայում մի որոշ շրջան ծովափի պաշտպանության ղեկավար էր), իսկ պատերազմի ավարտից հետո՝ Ֆրանսիա: Այստեղ նա նշանակվում է Ֆրանսիայի գլխավոր քարտեզագիրը, դասավանդում է:
Հայոց մեծ եղեռնից հետո Խանզադյանը կազմել է հայկական կոտորածների աշխարհագրության քարտեզը, իսկ 1920-ին նրան հանձարարվել է պատրաստել Հայաստանի քարտեզը՝ Սեւրի դաշնագրով ընդունված սահմաններով: Նույն թվականին հրատարակել է 25 քարտեզից կազմված «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնական ատլաս»-ը ֆրանսերենով:
Մեր հայրենակիցը ներգրավված է եղել Փարիզի խաղաղության կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներում որպես սահմանային հարցերի խորհրդատու: Կոնֆերանսին մասնակցող բոլոր պատվիրակությունները պաշտոնական զեկույցներով ներկայացրել էին ապագա սահմանների իրենց պատկերացումներն ու առաջարկությունները: Հայկական կողմի զեկույցին կցված էր նաեւ միացյալ Հայաստանի ապագա քարտեզը՝ ներառյալ Կիլիկիան (հայտնի է «Առյուծաձեւ Հայաստանի քարտեզ» անվամբ): Այն այսօր պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում: Կոնֆերանսի ավարտից հետո Զատիկ Խանզադյանին Ազգերի լիգայում աշխատանքի են ընդունել որպես աշխարհագրագետ-քարտեզագրի: Ղեկավարել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի քարտեզագրական ծառայությունը։ Եղել է Ֆրանսիայի ծովակալ եւ գլխավոր քարտեզագիր, Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ակադեմիայի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, առաջին աստիճանի նավապետ:
Խանզադյանը դերակատարություն է ունեցել նաեւ երկրորդ աշխարհամարտի տարիներին. եղել է Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից։ Ֆրանսիայի Հանրապետությանը մատուցած առանձնահատուկ ծառայությունների համար արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն՝ Պատվո լեգեոնի շքանշանին: 1930-1955 թվականներին Խանզադյանը եղել է Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշխարհիկ տնօրենը։
Հետագայում նա Ֆրանսիայում հիմնադրել է «Խանզադյան աշխարհագրական ինստիտուտ»-ը (այստեղ գործը շարունակել է որդին, կրկին քարտեզագիր, նաեւ պատմաբան), իսկ 1967-ին ընտրվել ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ: Գիտնականը ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահն էր, Ֆրանսիայում եւ Խորհրդային Միությունում հայտնի որպես ֆրանս-խորհրդային բարեկամության ջատագով:
Ըստ Հայաստանի ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնակատար Նունե Շահումյանի՝ Հայաստանում պահվում են Խանզադյանի կազմած քարտեզներից յոթը, մյուս քարտեզները, ատլասները եւ այլ փաստաթղթեր պահվում են աշխարհի խոշոր գրադարաններում, քարտեզային շտեմարաններում, իսկ արխիվը՝ Ֆրանսիայում: Նա 1920-1932 թվականներին կազմել եւ հրատարակել է Թուրքիայի տնտեսական աշխարհագրության, Ալժիրի պատմական աշխարհագրության, Պաղեստինի տնտեսական աշխարհագրության, Սիրիայի, Լիբանանի, Հունաստանի, Ֆրանսիայի, Թունիսի եւ այլ երկրների ատլասները։ Ներդրում ունենալով միջազգային ատլասային քարտեզագրության մեջ՝ նրա հիմնական ցանկությունը հայկական տարածքների սահմանները հնագույն փաստաթղթերի հիման վրա հաստատելն էր, որոնցով նաեւ ապագայի քարտեզներ էր գծել:
1960 թվականին հայկական բոլոր քարտեզները Խանզադյանն ամփոփել է «Հայաստանի պատմական քարտեզագրություն» մեծածավալ ատլասում: Ատլասը բաղկացած է անտիկ ժամանակաշրջանից մինչեւ տվյալ ժամանակահատվածը կազմված եւ պատմական Հայաստանի տարածքն ընդգրկող հայտնի քարտեզների պատճենների շարքից: Այս մեկը, ըստ մասնագետների, Խանզադյանի կյանքի գործն է՝ հայ քարտեզագրության կոթողային գլուխգործոցը:
Միաժամանակ, հիմնարար գիտական գրադարանի թվայնացրած նյութերի շարքում կարելի է գտնել անցյալ դարի կեսերին հայ գիտնականների հոդվածները Զատիկ Խանզադյանի մասին, Խորհրդային Միություն նրա այցից մանրամասներ, իր իսկ խոսքերից՝ տեղ գտած տարբեր հայկական ամսագրերում եւ լրագրերում: Մասնավորապես «Էջմիածին» հանդեսի թվայնացված համարներից տեղեկանում ենք, որ 1960 թվականին Խանզադյանը քարտեզագրքի առաջին օրինակը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային է ուղարկել, իսկ երկրորդ օրինակը նվիրել Ամենայն հայոց կաթողիկոսին:
Նրա մասին գրված հոդվածներից մեկում կարեւորվում է Խանզադյանի գործը հայկական դիվանագիտության մեջ ուսումնասիրելու անհրաժեշտությունը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։