ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարությունում տեղի է ունեցել «Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը քննարկելու նպատակով գումարված փորձագետների 5-րդ հանդիպումը:
Հանդիպմանը սովորական եւ հեռավար ձեւաչափերով մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։
Պատվիրակները վերահաստատել են հետաքրքրվածությունը համաձայնագրի մշակման եւ ստորագրման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել համաձայնագրի նախագծի շուրջ նախորդ հանդիպմանը չհամաձայնեցված դրույթներին:
Որոշվել է «Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը եւ քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։