Վրաստանի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստվելու ցանկություն ունեցողների համար ստեղծված հատուկ կայքում ապրիլի 20-ի առավոտվա տվյալներով արդեն գրանցվել է 30707 մարդ:
Քաղաքացին իրավունք ունի մի քանի տեսակի (նվազագույնը՝ 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրելու եւ դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել:
Ըստ Aliq.Media Վրաստանի՝ գրանցված քաղաքացիների գերակշիռ մասը՝ 29503-ը, նախընտրել է Pfizer պատվաստանյութը, 15223 քաղաքացի՝ Moderna-ն, 6380-ը՝ Astrazeneca-ն, 4426-ը՝ Johnson&Johnson-ը, 3142-ը՝ Novavax-ը, 1595-ը՝ Sinopharm—ը, 350-ը՝ Sinovac-ը:
Հարթակում կարող են գրանցվել չափահասները: Նախնական գրանցման նպատակը կորոնավիրուսի դեմ պատվաստման ցանկություն ունեցողների քանակի մասին տեղեկություն ստանալն է:
Վրաստանում հատուկ խմբերի համար պատվաստման գործընթացը սկսվել է մարտի 15-ից: Ապրիլի 19-ի դրությամբ երկրում պատվաստվել է ավելի քան 30 հազար քաղաքացի: