Միջազգային ֆոտոլրագրության հեղինակավոր World Press Photo մրցույթի պարգեւատրման արարողությունն Ամստերդամում առցանց ձեւաչափով անցկացվեց: «Ժամանակակից խնդիրներ-ﬔկ լուսանկար» անվանակարգի լավագույն երեք լուսանկարներից մեկը ճանաչվել է վավերագրող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը»:
«Սյունիքի հյուսիսարեւելյան դիրքերում՝ Ներքին Խնձորեսկից դեպի Քաշաթաղ գնացող հատվածում, դիրքեր կային, որտեղից մեր զորքերը հետեւում էին ադրբեջանական զորքի տեղաշարժին: Սպաների հետ զրույցի բռնվեցինք, առաջարկեցին գնալ Խնձորեսկ՝ իրենց դիրքերը տեսնելու: Լուսանկարչական ապարատս թողեցի մեքենայի մեջ, թույլտվություն չունեի, ձեռքիս միայն հեռախոս էր: Դիրքից դիրք էինք գնում, խրամատով անցնելիս քնած զինվորի տեսա ու քարացա, ՄՈԲ-ի տղաներին խնդրեցի կանգ առնել, միայն մի կադր հասցրի անել, զինվորն արթնացավ: Լուսանկարի հերոսը Գորիսի բնակիչ, նախկին սպա Սասուն Հարությունյանն է. ի դեպ, պայմանավորվել ենք մի օր Գորիսում հանդիպել»,- մեզ հետ զրույցում պատմում է Վաղինակ Ղազարյանը:
Ըստ Վաղինակի՝ լուսանկարի զինվորը Հայաստանի հավաքական կերպարն է. «Հողի մեջ մխրճված, մեջքով դեպի թշնամին, զենքը կողքին դրած… Զինվորը կարծես Հայաստանը լիներ՝ ուժեղ, բայց անպատրաստ։ Այն Հայաստանը, որին եթե պարտադրեն պատերազմ, կարթնանա ու մինչեւ վերջ կպայքարի իր հայրենիքի համար»: Ասում է՝ սկզբում, տեսարանից տպավորված, լուսանկարում ես, հետո, արդեն այլ հարթության մեջ դիտարկելով, խորհուրդ գտնում:
Վաղինակ Ղազարյանը շուրջ 20 տարի է՝ զբաղվում է ֆոտոլրագրությամբ, համագործակցում է «4 պլյուս» վավերագրական լուսանկարչական կենտրոնի հետ, որտեղ էլ առաջին անգամ հրապարակվել է «Քնած զինվորը»: Լուսանկարը լայն տարածում է գտել, որից հետո Վաղինակը որոշել է մասնակցել մրցույթին: Ուղարկել է ու մոռացել դրա մասին: «Մտածում էի՝ Հայաստանը փոքր երկիր է, ժյուրին հնարավոր է չհասկանար նկարի իմաստը, բայց գնահատեցին»,- ասում է Վաղինակը:
«Արցախից շատ լուսանկարներ էինք ստանում, բայց սա հակամարտության տարբերվող հայացք էր»,– լուսանկարին անդրադարձել է նաեւ National Geographic-ի լուսանկարչության փոխտնօրեն եւ 2021 թվականի ֆոտոմրցույթի ընդհանուր ժյուրիի անդամ Քեթի Մորան։
Վավերագրող-լուսանկարիչը միշտ ցանկություն է ունեցել մասնակցելու World Press Photo մրցույթին: 2021 թվականի World Press Photo մրցույթի 9 անվանակարգում մրցել է շուրջ 75000 լուսանկար՝ ներկայացված 130 երկրի 4315 լուսանկարիչների կողմից։
Միայն «Ժամանակակից խնդիրներ — ﬔկ լուսանկար» անվանակարգում ներկայացված լուսանկարների թիվը 4900 էր։ Դրանցից մեկն էլ «Քնած զինվորն» է, որն էլ ընդգրկվեց լավագույն եռյակում։ Միտումնավոր թե անփութորեն, World Press Photo-ն կոնֆլիկտի սեփական ուսումնասիրությունների հիման վրա լուսանկարի ոչ օբյեկտիվ, պրոադրբեջանական բովանդակություն էր տեղադրել: ԱԳՆ-ի օգնությամբ հնարավոր է եղել վերախմբագրելու տեքստը՝ փոխարինելով այն չեզոք, միայն իրողությունը ներկայացնող փաստերով:
Հաղթողների թվում է նաեւ Ռուսաստանը ներկայացնող Վալերի Մելնիկովի «Կորսված դրախտ» ֆոտոշարքը՝ կրկին Արցախյան պատերազմի թեմայով։ Լուսանկարներն արվել են նոյեմբերի 10-ից հետո: Ռուս լուսանկարչի ֆոտոշարքում արդեն պատերազմի հետեւանքն է. տեղահանվող արցախցիների, հատկապես Բերձորի բնակիչների ցավն ու հուսահատությունը:
44-օրյա պատերազմը Վաղինակի երկրորդ նման փորձառությունն է. ապրիլյան պատերազմին տեսանյութեր էր պատրաստում: Սեպտեմբերի 28-ին է գնացել Արցախ, շրջել Սյունիքի սահմաններում՝ վավերագրելով պատերազմի դեմքը, «թիկունքը» պատերազմի ընթացքում։
«Ֆոտոպատումներն արվել են մինչեւ այն պահը, երբ դեռ հավատում էինք հաղթանակին: Արցախում «թիկունքի» աշխատանքը եռում էր: Գյուղացիները, բժիշկները, հացթուխները լուռ իրենց գործն էին անում»,- պատմում է լուսանկարիչը: Վաղինակը քչերից է, որ լուսանկարել է հիվանդանոցներում, ասում է՝ բժիշկներն անհավանական պայմաններում էին աշխատում, գրեթե բոլորը կորոնավիրուսը ոտքի վրա էին տանում, հիվանդանալով-առողջանալով, առանց ուտել-քնելու աշխատում էին: Վաղինակն ուզում էր նաեւ դրա մասին պատմել։
Ստեփանակերտի հիվանդանոցում վիրավորները երկար չէին մնում. անհետաձգելի օգնություն էր ցուցաբերվում, որից հետո տղաներին տեղափոխում էին այլ հիվանդանոցներ: Վիրավորները հարյուրավոր էին, իսկ անկողինները՝ քիչ: Ամեն տեղափոխվող տղայի հետ անորոշություն էր տիրում, հատկապես անգիտակից տղաների դեպքում՝ կապրեն, չեն ապրի, ինչ է սպասվում նրանց….
«Վավերագրող լուսանկարիչը պատկերի միջոցով պետք է ավելին ասի, քան իրականում կա»,- ասում է լուսանկարիչը: Մի անսովոր նախասիրություն ունի. սիրում է գերեզմանատներում քայլել, իրականության հետ մեծ կապ է գտնում այդտեղ: «Ստեփանակերտի գերեզմանոցում քայլեցի, շրջեցի, ինչ-որ բաներ նկարեցի։ Վերադառնալիս նկատեցի սպիտակ ձի, որն անթարթ ինձ էր նայում, հետո բորենիների ձայներ լսեցի։ Խորհրդավոր ու տպավորիչ տեսարան էր՝ բորենիների ոռնոցը, օդային տագնապը, գլխավերեւում պտտվող անօդաչուն ու սպիտակ ձին, որը, չգիտես ինչու, շրջում էր գերեզմանոցում:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։