Բոաոյի ասիական տնտեսական համաժողովի (ԲԱՏՀ) բացմանը Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան Նազարբաեւը առցանց ելույթում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրողներին եւ բոլոր երկրների կառավարություններին հորդորել է հրաժարվել մրցակցությունից եւ ուժեղացնել համագործակցությունը համավարակին արդյունավետորեն հակազդելու համար:
Նազարբաեւի խոսքով՝ համավարակը լուրջ ահազանգ է, որը բոլոր քաղաքական գործիչներին պիտի ստիպի գիտակցել ընդհանուր շահի կարեւորությունը:
«Չի կարելի թույլ տալ, որ աշխարհն ընկղմվի միակողմանի եսասիրական որոշումների պարույրի մեջ»,- հավելել է նա:
Չինաստանի Հայնան կղզում անցկացվող Բոաոյի տնտեսական համաժողովն այս տարի ընթանում է ապրիլի 18-21-ը՝ «Աշխարհը կերպափոխության մեջ. ըստ «Մեկ գոտի-մեկ ուղի» նախաձեռնության միավորենք ջանքերը հանուն համապարփակ կառավարման եւ համագործակցության» խորագրով:
Քննարկվող թեմաների ցանկում են առեւտրա-տնտեսական հարաբերությունների առաջխաղացումը հետհամավարակային ժամանակաշրջանում, Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխումները, աղքատության վերացմանն ուղղված միջազգային ջանքերը եւ այլն:
Համաժողովին անձամբ ներկայացել է շուրջ 2 հազար հյուր:
Բոաոյի ասիական համաժողովն անցկացվում է 2001 թվականից: Ավանդաբար չորս օր տեւող ամենամյա համաժողովի խնդիրներն են՝ Ասիայի երկրների միջեւ համակարգման եւ համագործակցության զարգացումը, աշխարհի մյուս տարածաշրջանների հետ երկխոսության եւ տնտեսական կապերի ինտենսիվացումը, պաշտոնատար անձանց, ձեռնարկատերերի, մասնագետների եւ գիտնականների միջեւ տնտեսական, սոցիալական եւ այլ հարցերի շուրջ երկխոսության կարգավորման հարթակի ստեղծումը: