Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովը անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ հարցի քվեարկությանը՝ նշելով, որ այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ռուսական պատվիրակությունը փորձում է հասկանալ քվեարկության տեխնիկական անսարքությունների պատճառները։ Նրանք այնքան էլ չեն հավատում զուգադիպությանը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ասել է, որ ռուս գործընկերներն իրենց հայտնել են, թե կոմունիկացիայի խնդիր է՝ նկատի ունենալով, որ նախագծին դեմ քվեարկած ռուսական կողմի բոլոր ներկայացուցիչներն առցանց են մասնակցել քվեարկությանը:
Մարուքյանը նշել է, որ այսօր ելույթներ են նախատեսված, եւ եթե ռուսական կողմից ելույթներ լինեն ու աջակցեն հայկական կողմին, կհաստատվի, որ իսկապես տեխնիկական խնդիր էր։
«Ուկրաինական կողմի հետ Հայաստանն, օրինակ, աշխատանք էր տարել, եւ նրանք չեն մասնակցել քվեարկությանը։ Եթե նման խնդիր է լինում` չկողմնորոշվելու, լավագույն տարբերակը չմասնակցելն է։ Սակայն Ռուսաստանի պաշտոնական տեսակետը գերիների վերադարձն է, ինչի մասին բազմիցս շեշտել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ընդգծել է Մարուքյանը։
Նշենք, որ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն թուրքերից ու ադրբեջանցիներից բացի դեմ է քվեարկել նաեւ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության 5 անդամ, ինչպես նաեւ Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը: Ռուսական պատվիրակության մյուս 7 անդամները ձեռնպահ են քվեարկել:
Օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18: