Ըստ «Ֆրանսպրես» գործակալության՝ Չադի վեցերորդ անգամ վերընտրված նորընտիր նախագահ Իդրիս Դեբի Ինտոն մահացել է ապստամբների դեմ մարտական գործողությունների ժամանակ ստացած վերքերից:
«Ֆրանսպրես»-ի տվյալներով՝ ապրիլի 11-ից Չադի վրա հարձակում էին գործել Լիբիայի ռազմաբազաներից: Բախումների ժամանակ անցած շաբաթ ոչնչացվել էր ավելի քան 300 գրոհային:
68-ամյա Դեբի Ինտոն, որը Չադը ղեկավարում էր 1990-ի դեկտեմբերից ի վեր, պետության ղեկավարի պաշտոնում վերահաստատվել էր ապրիլի 11-ին տեղի ունեցած ընտրություններից հետո:
Չադի նախագահը ժամանել էր հակամարտության գոտի՝ զինված ուժերի գործողությունը ղեկավարելու նպատակով: Սակայն Ինտոն բախումների ժամանակ լրջորեն վնասվել է եւ հիվանդանոցում մահացել: Չադի նախագահի մահվան մասին լուրը տեղական հեռուստաընկերության եթերում հայտնել է գեներալ Ազեմ Բերմանդոա Ագունան:
Երկրում ստեղծվել է անցումային ռազմական խորհուրդ, որը գլխավորում է պետության ղեկավարի որդի Մուհամաթը: