ԵԽԽՎ-ի լիագումար նիստում հայ ռազմագերիների, այլ գերիների եւ տեղահանվածների վերաբերյալ քննարկմանը Հայաստանի ու Ադրբեջանի հարցով համազեկուցող, Ավստրիայի ներկայացուցիչ Ստեֆան Շենախը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայերը պետք է վերադարձվեն Հայաստան առանց «բայց»-երի։
«Անհրաժեշտ է հարգել մարտերում ընկածներին, անհրաժեշտ է վերականգնել խաղաղությունը։ Ճիշտ է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի քանի անգամ եղել են գերիների փոխանակումներ, սակայն Բաքվում դեռեւս մնում են հայ ռազմագերիներ։ Դիմում եմ Ադրբեջանին կոչով՝ վերադարձրե՛ք բոլոր պահվող հայ անձանց` առանց «բայց»-երի, առանց առեւտրի, առանց ասելու՝ նրանք հրադադարից առա՞ջ են հայտնվել տարածքում, թե՞ հետո։ Դա է խաղաղության հասնելու միակ ճանապարհը»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ասել է Շենախը։
Քննարկմանը ելույթի համար գրանցվել է մոտ 30 պատվիրակ, որից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից, եւ 4-ը` Հայաստանից։
Գրանցվածների մեջ են Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, Կանադայի ներկայացուցիչներ։