ԵԽԽՎ-ի լիագումար նիստում հայ ռազմագերիների, այլ գերիների եւ տեղահանվածների վերաբերյալ քննարկմանը Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Լուին ընդգծել է, որ Հայաստանը կատարել է նախորդ տարվա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերն իր մասով, իսկ Ադրբեջանը հրաժարվում է դրանք իրականացնելուց։
«Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի, քանի դեռ հայ ռազմագերիներն Ադրբեջանում են։ Ադրբեջանը հրաժարվել է համարյա 200 գերիներին վերադարձնելուց, հայտարարում է, որ նրանք գերեվարվել են պատերազմից հետո, հետեւաբար համարվում են ահաբեկիչներ։ Բայց նրանք ակնհայտորեն գերիներ են եւ պետք է վերադարձվեն Հայաստանին»,- ասել է Լուին։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Ֆրանսիայի ներկայացուցիչը նշել է, որ հայ գերիներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում, Human Rights Watch-ը ներկայացրել է նրանց բռնության ենթարկելու տեսանյութեր։
«Դրանք ռազմական հանցագործություններ են։ Վերջերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «ռազմավարի պուրակ» բացեց Բաքվում, նման քայլերը խորացնում են հակամարտությունը»,- ընդգծել է Լուին։
Պատգամավորը նշել է, որ ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, թե ինչ պայմաններում են պահվում գերիները, սակայն պատասխան չի ստացել:
Պատվիրակներից Փոլ Կավանը նույնպես նշել է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին առանց որեւէ պատճառաբանության։
«Կարեւոր է, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների համատեքստում։ Նման հակամարտություններում ոչ մի կողմը չի հաղթում։ Ես ոչ մեկի կողմից չեմ, բայց թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին կոչ եմ անում երկխոսության միջոցով կարգավորելու հակամարտությունը»,- շեշտել է Կավանը։
Նա նշել է, թե ԵԽԽՎ-ի համար պետք է գլխացավանք դառնար, որ իր կազմակերպության երկու անդամ պատերազմում են, սակայն ոչինչ չարվեց այդ պատերազմը կանգնեցնելու համար։
Նշենք, որ այս քննարկումն անցկացվում է ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որեւէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի քննարկումների (urgent debate), որոնց դեպքում զեկույց է պատրաստվում ու դրվում քվեարկության։