ԵԽԽՎ լիագումար նիստում պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունները:
Սոչպիսկոն ասել է, որ ԵԽԽՎ պատգամավորները պետք է պնդեն հայ ռազմագերիների եւ ձերբակալվածների վերադարձը:
Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանը կատարել է համաձայնագրի իր մասը, մինչդեռ Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել:
«Իսկ որտե՞ղ են հիմա Թուրքիան ու Ռուսաստանը: Նրանք միայն պատերազմի՞ գործընկերներ են, բայց ո՞չ խաղաղության հաստատման: Հումանիտար սկզբունքների հաղթանակի հարցը մարդասիրական է, երկարաժամկետ խաղաղության հասնելու հարց… Սա Եվրոպայի խորհրդի խնդիրն է»,- ասել է ԵԽԽՎ պորտուգալացի պատգամավորը:
Նա շեշտել է, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարության կետերը, այլ նաեւ մի շարք կարեւոր կոնվենցիաներ:
Սոչպիսկոն նշել է, որ խոշտանգումների մասին տեղեկությունը պահանջում է, որ Բաքուն տրամադրի բոլոր տեղեկությունները ռազմագերիների քանակի, պահման պայմանների մասին:
«Մեր առաքելությունն այն է, որ Եվրախորհուրդն անի հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ երկխոսություն հաստատելու համար: Շատ կարեւոր է, որ կողմերը, ղեկավարվելով բարի կամքի սկզբունքով, կատարեն ստանձնած պարտավորությունները»,- ընդգծել է Պոլ Սոչպիսկոն: