Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի հարթակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել հանդիպելու ուկրաինական Դոնբասի «ցանկացած կետում», որտեղ պատերազմ է ընթանում:
Նա նշել է, որ Կիեւը անհանգստացած է ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքի տեղաշարժով՝ հավելելով, որ իր երկիրը չի ձգտում պատերազմի, սակայն պատրաստ է դրան: Միեւնույն ժամանակ, Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան երբեք չի դադարի դիվանագիտական ճանապարհով խաղաղության համար պայքար մղելուց:
Զելենսկին շեշտել է, որ պատերազմի դեպքում երկու կողմն էլ կպարտվեն, եւ միլիոնավոր մարդկային կյանքեր կվտանգվեն:
Ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի կոչը, հայտարարել է, որ Զելենսկին պիտի վերջ տա դատարկաբանությամբ զբաղվելուն:
«Սկզբի համար նախ պետք է ամբողջովին դադարեցնի կրակոցները եւ վերացնի Դոնբասի տնտեսական շրջափակումը»,- նշել է խորհրդարանականը: