ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տված հարցազրույցին, որում նա հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով:
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները եւ ուժ կիրառելու սպառնալիքները»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը՝ շեշտելով, որ նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը:
«Դրանք բացահայտում են խաղաղության եւ հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին եւ կեղծ բնույթը»,- ընդգծել է Նաղդալյանը
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասել է Աննա Նաղդալյանը:
Վերոհիշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել է, թե լուծելու են «Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»՝ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե ոչ: Ալիեւը շեշտել է՝ եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել, եթե ոչ, իրենք «այն կլուծեն ուժով»: Ալիեւը հայտարարել է նաեւ, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»: