Սյունիք կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ագարակում տասնյակ մարդիկ դիմավորել են բողոքի ակցիայով՝ պահանջելով հեռանալ: Միջադեպն ուղեկցվել է բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով:
Տեղում տասնյակ ոստիկաններ ու հատուկջոկատայիններ փորձել են ճանապարհը բացել, որպեսզի վարչապետը հասնի հրապարակ։ Փաշինյանը, ի պատասխան այդ քաղաքացիների պահվածքի, մյուսներից ներողություն է խնդրել:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախման ժամանակ պատռվել է վարչապետի անվտանգության ծառայության պետի՝ Սարգիս Հովհաննիսյանի հագուստը։
Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջել են, որ նա անպատասխան չթողնի Ալիեւի հայտարարությունները։
Մեղրիի բնակիչները մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը Մեղրիով անցնող ճանապարհ է տալու Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու եւ Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաեւ նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:
Նիկոլ Փաշինյանը Սյունիքում է երեկվանից: Երեկ երեկոյան նա Շուռնուխում մի խումբ բնակիչների տներ է այցելել: