Կանադական Alamos Gold Inc. ընկերությունը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ 1 մլրդ դոլարի հայց է ներկայացրել ոսկու արդյունահանման նախագծի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի համար:
Ըստ Bloomberg-ի՝ հայցը հոլանդական դուստր ընկերության կողմից կներկայացվի Նիդերլանդների եւ Թուրքիայի միջեւ երկկողմ ներդրումային համաձայնագրին համապատասխան։ Alamos Gold Inc-ը հույս է հայտնել, որ արբիտրաժային գործընթացը արդար լուծում կբերի:
2019 թվականի հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը չի կարողացել սովորական կարգով երկարացնել օգտակար հանածոների արդյունահանման արտոնագրերը, թեեւ Alamos Gold Inc-ը կատարել է դրանք երկարաձգելու համար բոլոր իրավական եւ նորմատիվ պահանջները:
Թուրքիան 18 ամսով կանգնեցրել է ընկերության աշխատանքը՝ առանց նշելու արտոնագիրը չվերակնքելու եւ ժամկետները չերկարաձգելու պատճառները, թեև տվել է հանքի կառուցման եւ շահագործման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները:
Ընկերությունը հայտարարել է, որ 10 տարվա ընթացքում Թուրքիայում ներդրել է ավելի քան 250 մլն դոլար եւ բացել է ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ նախագիծ։ Ակնկալվում է, որ նախագծի իրականացման ընթացքում պետական եկամուտները կկազմեն 551 մլն դոլար:
2019-ի ընթացքում բնապահպանական խմբերը եւ տեղացիները բողոքել են Իդայի լեռներում Alamos Gold Inc. նախագծի դեմ` հայտարարելով, որ այն հանգեցրել է 200.000 ծառերի հատման: Նրանք նաեւ պայքարում են ոսկու արդյունահանման համար նախատեսված ցիանիդի օգտագործման դեմ։