ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ վերահաստատում է իր դիրքորոշումը, այն է՝ պատերազմից հետ Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որեւէ հիմքից, պետք է հեռանան այդ վայրերից, եւ պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի:
ՄԻՊ-ի գրասենյակը հայտնել է, որ Արման Թաթոյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ այցի ընթացքում բնակիչներից տեղեկացել է, որ Կապանից Ճակատեն, Շիկահող եւ այլ գյուղեր տանող ճանապարհին ադրբեջանական զինվորականների ներկայության պատճառով նրանք խուսափում են հատկապես երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթեւեկելուց:
Համայնքային մարմինները ՄԻՊ-ին տեղեկացրել են, որ գյուղերի անմիջական հարեւանությամբ շարունակվում են արձանագրվել կրակոցների դեպքեր:
Բնակիչները ՀՀ նախագահին ու Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են նաեւ անվտանգության հետ կապված եւ սոցիալական այլ խնդիրներ:
Նախագահի եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն համատեղ այցի արդյունքները, եւ ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան, նաեւ համատեղ քայլեր: