Ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն երեկ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի իր ելույթում Ադրբեջանի կառավարությանը հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչ է արել:
Քաղաքական գործիչը նշել է, որ ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում եւ դրանից հետո կողմերին կոչ է արել կատարելու Գերիների մասին կոնվենցիայի դրույթները: Կառավարության եւ հարազատների կողմից ՄԻԵԴ-ը բազմաթիվ դիմումներ է ստացել ձերբակալված անձանց վերաբերյալ: Սակայն Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր բնույթի տեղեկություններ է տրամադրել՝ սահմանափակ ծավալով:
«Մեր հիմնական առաջնահերթությունը պետք է լինի կոնվենցիայի պահպանումը: Դիմում ենք Ադրբեջանին` հորդորելով ամբողջությամբ կատարել ՄԻԵԴ-ի որոշումները, թույլ չտալ խոշտանգումներ: Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակելու ռազմագերիներին»,- ընդգծել է ֆրանսիացի պատգամավորը: