Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանին խանգարել են դեռեւս փետրվարի վերջին ստանալու միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութեր:
Ռոհանին նշել է, որ Իրանի իշխանությունները պայմանավորվել էին COVAX-ի միջոցով գնել 16,8 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, սակայն չեն կարողացել վճարել ԱՄՆ-ի մտցրած սահմանափակումների պատճառով, եւ միլիոնավոր մարդիկ զրկվել են պատվաստվելու հնարավորությունից:
«Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը գիտակցեր Վաշինգտոնի այդ հանցագործությունը»,- հավելել է Իրանի նախագահը:
Հունվարին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտարարել էր, որ Թեհրանը բանակցություններ է վարել COVAX-ի հետ, եւ ԻՀՀ-ն կստանա կորոնավիրուսի դեմ 16,8 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, այնուհետեւ հայտարարվել է մատակարարումների ուշացումների մասին: