Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 22-23-ին տեղի ունենալիք կլիմայական գագաթնաժողովից առաջ մտադիր է հայտարարել, որ Միացյալ Նահանգները ծրագրել է մինչեւ 2030 թվականը կիսով չափ կրճատել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները:
Փարիզի կլիմայի համաձայնագրով ստանձնած պարտավորություններով՝ ԱՄՆ-ը պետք է ջերմոցային գազերի արտանետման մակարդակը 28 տոկոսով նվազեցներ 2005-ին արձանագրված ծավալի համեմատությամբ:
Պարբերականը նշում է՝ Բայդենը կհայտարարի, որ ԱՄՆ-ն մտադիր է հասնել այդ ցուցանիշի 50 տոկոսով նվազեցմանը: Սպիտակ տանը հուսով են, որ առաջիկա բարձր մակարդակի հանդիպմանը Միացյալ Նահանգների ծրագիրը նաեւ մյուս երկրներին կդրդի ընդունելու կլիմայի պաշտպանության նոր պարտավորություններ:
ԱՄՆ-ն Փարիզի համաձայնագիր է վերադարձել Բայդենի՝ նախագահ ընտրվելուց հետո: Բայդենի նշանակած կլիմայի խնդիրներով հատուկ դեսպանորդ Ջոն Քերին նշել է, որ Վաշինգտոնում մյուս երկրներից, այդ թվում Չինաստանից եւ Ռուսաստանից գլոբալ տաքացման դեմ պայքարի նոր քայլերի են սպասում: