ՀՀ Ազգային ժողովն արձագանքել է Թուրքիայի պետական լրատվական կորպորացիայի՝ TRT-ի հեռարձակած հաղորդմանը, որտեղ Երեւանի կենտրոնի Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը ներկայացվել է իբրեւ ադրբեջանական թագավորական պալատի մի մաս:
ԱԺ պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Երանյանն ասել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի այս քաղաքականությունը նորություն չէ ու վաղուց արդեն չի զարմացնում որեւէ մեկին: Միայն հայկական մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու փորձերին արդեն ավելացել են նաեւ պարսկական մշակութային հուշարձանները ադրբեջանականացնելու փորձերը:
«Գործ ունենք սեփականելու, բռնայուրացման քաղաքականության հետ, որը, բնականաբար, տեղավորվում է «մշակութային ցեղասպանություն» տերմինաբանության տակ»,- ասել է պատգամավորը։
Գերմանացի ճարտարապետ Միխայիլ ֆոն դեր Նոննենի նախագծած հուշարձան-շենքը կառուցվել է 1876-ին որպես Պարսկաստանի առաջին հյուպատոսի նստավայր եւ գործել է մինչեւ 1920-ը: 19-րդ դարի 50-ականներին շենքը պատկանել է պարսիկ մեծահարուստ Հաջի Աբբաս Քյալբարայ Աբդու Հուսեյն Օղլուն:
Պարսից հյուպատոսի սենյակի պատերն ամբողջությամբ ծածկված են եղել որմնանկարներով, որոնք առ այսօր ամբողջությամբ պահպանվել են: Սենյակի կենտրոնում կա հայելապատ աղոթարան-խորշ:
Ավելի ուշ շենքում տեղակայվել է հայկական դիվիզիայի շտաբը, այնուհետեւ՝ Հովհաննես Թումանյանի ղեկավարած Հայաստանի օգնության կոմիտեն։ 1963-ից այստեղ գործել է Մարտիրոս Սարյանի հիմնադրած Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը, որի նախագահն էր հայ մեծ նկարիչը։