Օրերս Վրաստան այցելած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է երկրի նախագահի, վարչապետի ու խորհրդարանի պատգամավորների հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Միշելին՝ Վրաստանում «արհեստականորեն ստեղծված ճգնաժամն ավարտին հասցնելու» համար: Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն Վրաստանի ամենասերտ աջակիցն է ու միշտ Վրաստանի կողքին կլինի:
Դրան նախորդել է Վրաստանի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների կողմից Շառլ Միշելի միջնորդությամբ ներկայացված համաձայնագրի ստորագրումը, որով հաղթահարվում է Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը:
Երկար քննարկումներից եւ բանավեճերից հետո կազմված համաձայնագրով ընդդիմությունը մտնում է խորհրդարան եւ լիարժեք միանում օրենսդիր մարմնի աշխատանքին: Մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվում է համաներման օրենքի նախագիծ, որով ազատ են արձակվում 2019-ի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, նրանց թվում` Նիկա Մելիան եւ Գեորգի Ռուռուան:
Որոշվել է նաեւ, որ խորհրդարանական բոլոր հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեն ամբողջովին համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական հաջորդ երկու ընտրությունների շեմը պետք է լինի 0-2 տոկոս:
Ըստ համաձայնագրի՝ տեղական ինքնակառավարման մարմինների այս տարի կայանալիք ընտրություններին «Վրացական երազանքի» 43 տոկոսից պակաս աջակցություն ստանալու դեպքում 2022-ին նշանակվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ առաջին փուլում համաձայնությունը ստորագրել է 17 պատգամավոր։ Համաձայնագիրը Վրաստանի նախագահի նստավայրում է, եւ ինչպես հայտարարել էր Վրաստանում ԵՄ դեսպանը, առավոտյան ժամը 9:00-ից մուտքը բաց է ստորագրել ցանկացող պատգամավորների համար:
Փաստաթուղթը ընդդիմադիր, ձերբակալված Նիկա Մելիայի գործը վերագրել է հունիսի 20-ի իրադարձություններին. այն ստորագրելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է մշակվի այս գործով համաներման մասին օրենքը: Հատուկ կետով նաեւ նշված է նույն գործով կալանավորված «Մթավարի» ալիքի հիմնադիրներից Գեորգի Ռուռուային համաներում շնորհելու մասին, ինչը պետք է անի նախագահը:
Նախագահը եւս իր պայմաններն է ներկայացրել սրա վերաբերյալ. համաներումը կշնորհվի, եթե ընդդիմադիր կուսակցությունները ստորագրեն Միշելի համաձայնագիրը: Ապրիլի 20-ին արդեն ընդդիմությունից Գեորգի Վաշաձեն հայտարարեց, որ Գեորգի Ռուռուային համաներում կշնորհվի առաջիկա երեքշաբթի:
Իշխող կուսակցության ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել խորհրդարանում համագործակցելու ընդդիմության հետ: Համաձայնագիրը ստորագրել են նաեւ նախկին վարչապետի՝ Գախարիայի թիմի վեց անդամներ, որոնք օրերս լքել էին իշխող կուսակցությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Միշելի համաձայնագիրը ստորագրած կուսակցությունների որոշումը եւ կոչ արել, որ նրանց օրինակին հետեւեն նաեւ մյուս պատգամավորները: Նման հայտարարություններ տարածել են նաեւ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, մի շարք եվրապատգամավորներ, ինչպես նաեւ Վրաստանի ներքաղաքական գործընթացներում ներգրավված եւ հետաքրքրված այլ անձինք: