Թուրքական Daily Sabah-ը գրել է, որ ադրբեջանցի օրենսդիրները շնորհակալություն են հայտնել Թուրքիային Լեռնային Ղարաբաղի 44-օրյա ճգնաժամի ժամանակ հայկական սեւ քարոզչության դեմ պայքարում աջակցության համար։ Նրանց կարծիքով դա շատ կարեւոր էր հակամարտության վերաբերյալ գլոբալ մոտեցումները փոխելու տեսանկյունից:
«Նոր Ադրբեջան» կուսակցությունից (YAP) պատգամավոր դոկտոր Հիքմեթ Բաբաօղլուն «Անադոլու» գործակալությանն ասել է, որ մեդիաոլորտում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը կենսական նշանակություն ունի: «Թուրքիա եւ Ադրբեջան եղբայրական պետությունների միջեւ համատեղ լրատվական հարթակի ստեղծումը հեղափոխական քայլ է ԶԼՄ-ների պատմության մեջ»։
Բաբաօղլուն նաեւ ասել է, որ ապրիլի 9-ին Բաքվում կայացած հանդիպումից հետո որոշվել է ստեղծել լրատվամիջոցների համատեղ կենտրոն Թյուրքական խորհրդի անդամ պետությունների մասնակցությամբ, այդ թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Հունգարիայի։
Մեկ այլ օրենսդիր՝ Սեւիլ Միքայիլովան, «անգնահատելի» է համարել Թուրքիայի դերը Հայաստանի ապատեղեկատվության դեմ պայքարում՝ ասելով, թե դա այն միջոցներից մեկն էր, որը Ադրբեջանին հնարավորություն տվեց հաղթելու Հայաստանին: «Թուրքիայի գործնական աջակցությունը հատկապես կարեւոր էր, քանի որ այն նպաստեց հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ կարծիքի ձեւավորմանը»։
Երեւանը ստում էր, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կողմից կռվելու նպատակով: Դրանով Հայաստանը նպատակ ուներ ներկայացնելու Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին որպես անօրինական գործողություն եւ փորձելու շեղել [միջազգային] հանրության ուշադրությունն այն փաստից, որ իրենք ստանում են ռազմական եւ նյութատեխնիկական աջակցություն Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ Իրանից:
Հայաստանը նաեւ փորձեց թաքցնել, որ ցանկանում էր հայազգի խմբավորումների միջոցով գրավել Լեռնային Ղարաբաղը։ Օրինակ` Նուբար Օզանյան բրիգադի, որը գործում է Սիրիայում ASALA-ի շրջանակում եւ PKK-ի սիրիական մասնաճյուղի մաս է կազմում:
«Հայաստանի կողմից տարածված մեկ այլ ապատեղեկատվություն էլ այն էր, որ թուրքական F-16-ը խոցել է ռուսական SU-25 կործանիչ ինքնաթիռը: Թուրքիան առանց հապաղելու ժխտեց այդ մեղադրանքը»,- գրում է Daily Sabah-ը։