Հայաստանն այսուհետ յուրաքանչյուր տարի Արցախին կտրամադրի 10 մլրդ դրամի աջակցություն: Նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով գույքային վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելն է:
Այդ աջակցության համար Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները համաձայնագիր պետք է ստորագրեն: Համաձայնագրի նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում:
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը 10 տարի շարունակ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի 10 մլրդ դրամ պետք է հատկացնի Արցախին, ընդհանուր առմամբ` 100 մլդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով մոտ 190 մլն դոլար:
Արցախի կառավարությունը պետք է պարտավորություն ստանձնի՝ հաստատելու միջոցառումների ծրագիր, որի նպատակն է աջակցել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետեւանքով գույքային (այդ թվում՝ գույքային իրավունքի) վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:
Նշենք, որ պատերազմից հետո Հայաստանն արդեն իսկ Արցախին տարբեր ծրագրերով մոտ 100 մլրդ դրամի աջակցություն է հատկացրել։
Ըստ համաձայնագրի՝ գույքային (այդ թվում՝ գույքային իրավունքի) վնասները չեն ներառում բնակելի անշարժ գույքը, ինչպես նաեւ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով ստանձնած հիպոթեքային վարկերի պարտավորությունները եւ բնակելի անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքները: Համաձայնագրի շրջանակում աջակցության ծրագրերի վերաբերյալ Արցախի կառավարության կողմից եռամսյակային պարբերականությամբ ՀՀ կառավարությանը պետք է ներկայացվի հաշվետվություն:
Հավելենք, որ Հայաստանն Արցախին ամեն տարի միջպետական վարկի տեսքով խոշոր գումար էր տրամադրում։ Իհարկե, այդ գումարը որպես վարկ էր ձեւակերպվում, բայց իրականում տրվում էր անվերադարձ։ Այն կազմում էր Հայաստանի բյուջեի ծախսերի մոտ 4 տոկոսը, բայց այս դեպքում էլ չէին հաշվարկվում պաշտպանական ծախսերը։
Վերջին տարիներին Արցախին հատկացվող միջպետական վարկը մոտ 50 մլրդ դրամ էր։ Փաստորեն դրան կավելանա եւս 10 մլրդ դրամ։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։