Չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունն առնվազն 1000 մարդու է բերման ենթարկել։
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել ազատազրկման վայրում արդեն երեք շաբաթ հացադուլ հայտարարած ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։
Բուժող բժիշկներն ահազանգում են, որ երիկամների եւ սրտի անբավարարությունը վտանգավոր է նրա կյանքի համար:
Ըստ Ռուսաստանի ՆԳՆ տվյալների՝ երեկվա բողոքի ցույցի մասնակիցների ընդհանուր թիվը չի գերազանցել 6 հազարը: Ռուսաստանյան անկախ լրատվամիջոցները հակադարձում են պաշտոնական պնդումներին՝ նշելով, որ բողոքի գործողություններին մասնակցել է 20-25 հազար ցուցարար: