Թուրքական Daily Sabah-ը հրապարակել է Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի զեկույցը, որով ՄԱԿ-ին կոչ է արվում հատուկ զեկուցող նշանակելու Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կատարած պատերազմական հանցագործությունները հետաքննելու համար։ Զեկույցի հեղինակները կարծում են, որ «հանցագործությունների համար պատասխանատու հայ պաշտոնյաները պետք է դատվեն միջազգային դատարանում։
Հանձնաժողովն այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան՝ տեղում իրավիճակը քննելու, եւ նշել է, որ ոչնչացման նպատակով Հայաստանը դիտավորյալ թիրախավորել է տներ, հիվանդանոցներ, գերեզմանատներ, դպրոցներ եւ բիզնես կառույցներ: «Եվրախորհուրդը նույնպես այս հարցը պետք է ներառի իր օրակարգում»,- ասված է զեկույցում:
Հայ զինված ուժերը օգտագործել են նաեւ կլաստերային զենք, որոնք գետնին թողնում են չպայթած ռումբեր եւ կարող են սպանել կամ վիրավորել խաղաղ բնակիչների, նույնիսկ հարձակումների դադարից հետո:
Հանձնաժողովը կարծում է, որ Գյանջա քաղաքում քաղաքացիական բնակավայրերը երկու անգամ թիրախավորվել են բալիստիկ հրթիռային գրոհներով: Գյանջան ամենաշատ թիրախավորված ադրբեջանական քաղաքներից մեկն էր վերջին հակամարտության ընթացքում:
«Տեղանքում հայտնաբերվածը հաստատում է, որ Հայաստանի քաղաքացիական եւ ռազմական ղեկավարները, որոնք Հայաստանին ներքաշեցին այս պատերազմի մեջ, պետք է դատվեն միջազգային քրեական դատարանում (ICC)՝ քաղաքացիական անձանց դեմ պատերազմական հանցագործությունների համար, եւ պարտավոր են փոխհատուցել պատճառած վնասները»,- ասվում է զեկույցում:
Ադրբեջանի դեմ պատերազմական հանցագործությունների եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նման զեկույց նախկինում պատրաստել էր Թուրքիայի օմբուդսմենի ինստիտուտը։