Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ապրիլի 23-ին տեղի կունենա ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը: Միաժամանակ կբացվի նաեւ երգահան Դավիթ Ամալյանի որդու՝ արցախյան վերջին պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անվան պուրակը:
Նախագծի հեղինակ, ռեժիսոր, լրագրող Սուրեն Արեենցը նշել է, որ «Հերոսների վերականգնողական քաղաքի» շահառուները լինելու են ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները՝ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամները, նաեւ նրանց ընտանիքի անդամները։ Ամբուլատոր պայմաններում անվճար բուժման հնարավորություն կստանան նաեւ զոհված ազատամարտիկների երեխաները:
Այգու հիմնադրումն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ այլ կազմակերպությունների աջակցությամբ:
Նախագիծը բաղկացած է երեք փուլից: Կարճաժամկետ փուլում «Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու է հոգեկան առողջության կենտրոն: Կառուցվող շենքում կլինեն կավագործության ու «Մերգելյան կարպետի» համատեղ խմբակ եւ հոգեբանական աշխատանքի գրասենյակ:
Կարճաժամկետ ծրագիրը կմեկնարկի վաղը։ Հողի օրհնման արարողությունից հետո Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված մոտ 100 ծառ կտնկվի։ «Կարճ ասած` այգի ենք հիմնելու, որը բացօթյա վերականգնողական կենտրոն է լինելու՝ բուսականությամբ, ծառերով, ջրերով։ Այգում ձկներ են արտադրվելու, մեղուների փեթակներ են լինելու, տղաները մեղր են քամելու։ Գործելու են փոքր արհեստագործական կետեր՝ դարբնոցներ, վարսավիրանոց, կարի արտադրամաս»,- ասել է Աեերենցը։
Միջնաժամկետ փուլում կկառուցվի երկհարկանի քարե 3 շենք, որոնցից մեկը կտրամադրվի IT ոլորտին, երկրորդը՝ հոգեբանական կենտրոնին, երրորդում վերականգնողական մասնագետներն ուսումնասիրություններ կիրականացնեն, բուժառուներ կընդունեն, արտերկրի մասնագետները կվերապատրաստեն տեղի մասնագետներին:
Երկարաժամակետ ծրագրով առնվազն 1000 քմ տարածքով երկհարկանի վերականգնողական կենտրոն կկառուցվի, որը կգործի բարեգործական հիմունքներով՝ միայն վիրավոր զինծառայողների, զինհաշմանդամների եւ զինծառայության ու պատերազմի հետեւանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ եւ Արցախի քաղաքացիների համար։
2021-ին կգործեն հոգեբանական կենտրոնն ու արտադրական կառույցները, 2022-ից կսկսի գործել վերականգնողական կենտրոնը, որի շինարարությունը կտեւի 6-7 ամիս։