ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է երկրի հարավում` Ղրիմում եւ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ընթացող լայնածավալ զորավարժություններում ներգրավված բոլոր ուժերին մինչեւ մայիսի 1-ը վերադառնալ մշտական տեղակայման վայրեր։
Ղրիմ կատարած աշխատանքային այցի ժամանակ Շոյգուն նշել է, որ առաջիկա օրերին մշտական տեղակայման վայրեր կվերադառնան Հարավային ռազմական օկրուգի կազմում գործող 58-րդ եւ Կենտրոնական ռազմական օկրուգի կազմում ընդգրկված 41-րդ բանակների ստորաբաժանումները, ինչպես նաեւ 76-րդ եւ 98-րդ դեսանտային դիվիզիաների զինծառայողները։
ԱՄՆ զինուժի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Ռաս Վուլֆքիլը հայտարարել է, որ Պենտագոնը տեղեկացված է Շոյգուի կարգադրության մասին եւ դրա առթիվ լրացուցիչ մեկնաբանություն չունի:
Միեւնույն ժամանակ, ըստ ռուսական Интерфакс գործակալության՝ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ղրիմում սկսվել են Ռուսաստանի Զինված ուժերի լայնածավալ զորավարժությունները։
Թերակղզում զորավարժությունների ակտիվ փուլին մասնակցում են ավելի քան տասը հազար զինծառայող, Հարավային ռազմական օկրուգի, Սեւծովյան եւ Կասպից նավատորմերի, Օդադեսանտային զորքերի միավորումների 1,2 հազար միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, ավելի քան 40 ռազմանավ եւ սպասարկող 20 նավ։
Ավելի վաղ Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մեկնարկում են ռուսաստանյան բանակի ռազմական պատրաստության ստուգումները։