ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ Արցախի վերջին պատերազմում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել, եւ կոչ է արել Ադրբեջանին՝ բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակել եւ հանձնել Հայաստանի իշխանություններին:
ՀՀ Ազգային ժողովը հրապարակել է կոմիտեի՝ ապրիլի 22-ին ընդունած հայտարարությունը:
Մշտադիտարկման կոմիտեն նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմական գործողություններն ու զարգացումները 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Եվրոպայի խորհուրդն անչափ կարեւորում եւ ուշիուշով հետեւում է դրանց:
Կոմիտեն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ անկախ փորձագետների: Հայաստանի եւ Ադրբեջանի համազեկուցողները պարբերաբար համատեղ հայտարարություններով հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի համոզմամբ երկու երկրների խորհրդարաններն ի վիճակի են եւ պետք է նպաստեն փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը, հաշտեցման գործընթացին եւ խաղաղ բանակցությունների վերականգնմանը՝ ողջունելով եռակողմ հայտարարության դրույթների կատարման առաջընթացը:
ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն միաժամանակ իր մտահոգությունն է հայտնել զեկույցների վերաբերյալ, ըստ որոնց՝ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել:
Ըստ կոմիտեի՝ երկու կողմերը պետք է ամրապնդեն համագործակցությունն ու հաղորդակցությունը՝ նշյալ տարածքներն ականազերծելով խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով:
Կոմիտեն վերստին նշել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ, կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել պահվող բոլոր հայ գերիների՝ առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը:
Կոմիտեն կարծում է, որ անկախ միջազգային առաքելության ստեղծումը պատասխանատու կլինի քննելու հակամարտությունը եւ միջազգային իրավունքի ոտնահարումները վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, ինչն անչափ կարեւոր է հաշտեցման եւ իրապես խաղաղության հաստատման համար:
Մշակութային ժառանգությունը կարեւոր է հակամարտության բոլոր կողմերի համար, եւ անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը դրա պաշտպանությունը եւ վերափոխումը ապահովելու գործում առաջնահերթություն է: Ուստի կոմիտեն հանձնարարել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջեւ եղած հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները:
Ի վերջո կոմիտեն կոչ է անում երկու կողմերին կառուցողաբար ներգրավվել համապատասխան միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներում այն տեսանկյունից, որ ամբողջությամբ իրականացվի եռակողմ հայտարարությունը, եւ սկսեն խաղաղ բանակցությունները: