Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիրիան ՄԱԿ-ից եւ ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել է դատապարտել «Իսրայելի երկչոտ ագրեսիան» Դամասկոսի արվարձանների վրա:
ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին եւ Անվտանգության խորհրդին՝ դատապարտելու Դամասկոսի վրա գիշերն իրականացված գրոհը եւ երեք զավթիչների՝ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Թուրքիայի համակարգված եւ ծրագրված թշնամական գործողությունները Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ:
Սիրիայի ԱԳՆ-ում նշել են, որ որոշ երկրների՝ Սիրիային հարվածներ հասցնելու Իսրայելի պատճառաբանություններն ընդունելը նրանց մասնակից է դարձնում Սիրիայի դեմ ահաբեկչական հանցավոր գործունեության:
Ըստ Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ Սիրիան հայտարարել է, որ ագրեսորներին եւ ահաբեկիչներին թույլ չի տա իրականացնել իրենց երազանքն ու ավերել Սիրիան, ինչպես նաեւ չի հրաժարվի իր ժողովրդին, տարածքը եւ ինքնիշխանությունը բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունքից ՄԱԿ-ի եւ միջազգային իրավունքի կոնվենցիաների շրջանակներում:
Սիրիական բանակի հրամանատարությունը ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը հայտարարել է Իսրայելի կողմից Դամասկոսի ծայրամասերի վրա իրականացված հերթական հրթիռային հարվածի մասին, որի հետևանքով վիրավորվել է սիրիացի չորս զինծառայող: