ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 20-ի ելույթում հնչած Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների եւ տարածքային նկրտումների առնչությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։
Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ նամակում ուշադրություն է հրավիրվել ադրբեջանական կողմի՝ բռնության եւ հակահայկական ատելության քարոզի ու ռազմատենչ գաղափարախոսության վրա:
Մարգարյանը նշել է, որ այդ հռետորաբանությունը սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի եւ սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքի, այլեւ ամբողջ տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ անվտանգության համար։
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի ելույթը վկայում է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Բաքվի ագրեսիան ոչ այլ ինչ էր, եթե ոչ ԼՂ հակամարտությունը բռնի ուժով լուծելու փորձ։
Նա հավելել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Բաքվի՝ ուժի կիրառմամբ տարածքային պահանջները եւ սպառնալիքները սնանկ են թե´ պատմության եւ թե´ միջազգային իրավունքի տեսանկյունից:
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը շեշտել է նաեւ, որ նման հռետորաբանությունը հակասում է նախորդ տարվա նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության դրույթներին։
Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների եւ քարոզելով բռնություն ու ռասիզմ ազգությամբ հայերի նկատմամբ Բաքվի «պուրակում», որը նացիստական շրջանի քարոզչության ակնհայտ նմանակում է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս հայտարարել էր, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»: Ալիեւը ընդգծել էր, որ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե ոչ, իրենք կատարելու են «Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»: Ըստ Ալիեւի՝ եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել, եթե ոչ, իրենք «խնդիրը ուժով կլուծեն»: