Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Էդվարդ Մարքին ողջունել է Բայդենի վարչակազմին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության առիթով:
Սենատորը նշել է, որ ԱՄՆ նախագահներից շատերն են դա խոստացել, սակայն խոստումը չեն կատարել՝ հավելելով, որ «այլեւս երբեք» արտահայտությանը համապատասխանելու ձգտման միակ միջոցն անցյալը ազնվորեն եւ ակնառու կերպով ընդունելն է:
Էդվարդ Մարքին շեշտել է, որ Բայդենի վարչակազմն իրավացիորեն մարդու իրավունքները դրել է ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնում:
Ըստ սենատորի՝ այս քայլը կարեւոր ուղերձ կլինի հատկապես նրանց, որոնց թվում է՝ կարող են շարունակ հանցանք գործել եւ խուսափել պատասխանատվությունից:
Սենատոր Էդվարդ Մարքին շնորհակալություն է հայտնել ամերիկահայ համայնքին՝ նշելով, որ շարունակելու է նրանց կողքին լինել եւ փորձել բուժել անցյալի վերքերը:
«Միասին ընդունակ ենք դրական լիցք սփռել, ապագայի նկատմամբ հույսի հիմքեր դնել Հայաստանի համար, որին հարգում եւ պատվում են նրա դաշնակիցներն ու բարեկամները»,- ասված է սենատոր Մարքիի ուղերձում:
Ավելի վաղ Մարքին սենատոր Բոբ Մենենդեսի եւ 35 այլ սենատորների հետ ստորագրել էր մի նամակ, որով նախագահ Բայդենին կոչ է արվում դառնալու ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: