Բելգիայի Սենատի նախագահ Սթեֆանի Դոսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում նշել է, որ ժամանակակից աշխարհում, երբ սահմանների, կրոնական հավատալիքների, քաղաքական գաղափարների շուրջ լարվածությունն ու վեճերը բարձրակետում են, հարկավոր է հետ նայել եւ հիշել նման լարվածության հետեւանքների մասին:
Նա, միանալով Բելգիայի 30 հազարանոց հայկական համայնքին և Հայաստանում ու ամբողջ աշխարհում բնակվող հայերին, իր վշտակցությունն է հայտնել բոլոր նրանց համար, ովքեր ավելի քան հարյուր տարի առաջ կորցրել են իրենց կյանքը:
«Մենք միասին ենք՝ ասելու «այլեւս երբեք», բարձրաձայնելու ճշմարտությունն ու մեր ձայնը լսելի դարձնելու: Գտնելու արդարություն հանուն նրանց, ովքեր կային, ու հանուն նրանց, ովքեր դեռ կլինեն»,- հայտարարել է Սթեֆանի Դոսը:
Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ պետք է շարունակել բարձրացնել իրազեկվածությունը Ցեղասպանության հարցում: Նա ընդգծել է՝ հպարտ է, որ նախագահն է Սենատի, որն առաջիններից մեկը ճանաչեց ու դատապարտեց հայ ժողովրդի ցեղասպանությունը:
«Ես շարունակելու եմ պաշտպանել եւ աջակցել ձեզ ու ձեր պայքարը հանուն ճանաչման ինչպես այստեղ, այնպես էլ միջազգայնորեն…
Այն պետք է նախազգուշացում լինի բոլորիս համար: Կոչ՝ գործելու, ճանաչելու անցյալն ու դասեր քաղելու դրանից:
Այսօր մենք մեր համերաշխությունն ենք հայտնում եւ վշտակցում զոհերի համար: Վաղը հարգելու ենք նրանց հիշատակը՝ աշխատելով պաշտպանել ապագան անցյալից»,- տեսաուղերձում ասել է Սթեֆանի Դոսը: