Ըստ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնական կայքի՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային եւ գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նշել է, որ դա հաջողվել է իրականացնել ՀՀ ԱԳՆ եւ կոմիտեի համատեղ ջանքերի եւ իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության շնորհիվ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հավելել է, որ գործի վերաբերյալ իր անցկացրած քննության եւ արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Հայկական Fly Armenia Airways ավիաընկերության ավիապարկի Boeing 737-300 օդանավը չարտոնված վայրէջքով դեռեւս Իրանում է, եւ աշխատանքներ են տարվում այն Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:
«Ալիք մեդիա»-ն մարտին մանրամասն անդրադարձել էր թեմային: