Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եղել է անփոփոխ 1991 թվականից ի վեր. Անկարան դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Երեւանի հետ, քանի դեռ վերջինս չի ճանաչել թուրք-հայկական սահմանը, որն ամրագրվել էր Կարսի 1921 թվականի պայմանագրով, ինչպես նաեւ չի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:
1993-ի գարնանը, երբ արցախյան ուժերը դուրս եկան Քարվաճառ/Քելբաջար, Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանադռները՝ Ալիջան-Մարգարան, Դողուքափը-Ախուրիկ եւ Կարս-Գյումրի երկաթգիծը՝ նախապայմանների թիվը հասցնելով երեքի: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի չի ունեցել ստատուս-քվոյի փոփոխություն, որը կբավարարեր Ադրբեջանի նվազագույն ակնկալիքներն ու ցանկությունները, Թուրքիան վերջ չի տա Հայաստանի շրջափակմանը եւ չի բացի սահմանադռները:
44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը ստացավ ավելին, քան կարող էր երազել, սակայն Թուրքիա-Հայաստան սահմանի ապաշրջափակումը Անկարայի օրակարգի վրա դեռ չկա:
Երեք ձախողված փորձ
Հայաստանն ու Թուրքիան 1991-ից ի վեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեք հիմնական փորձ են արել, երեքն էլ ձախողել են նախապայմանների պատճառով:
Առաջին. 1992-1993 թվականներին հայ եւ թուրք դիվանագետներն աշխատում էին մի արձանագրության վրա, որով պետք է հաստատվեին հարաբերություններ, սակայն փաստաթուղթը անավարտ մնաց այն բանից հետո, երբ հայկական ուժերը դուրս եկան Քարվաճառ, որին ի պատասխան՝ Թուրքիան կողպեց Հայաստանի հետ սահմանը: Երկու սահմանադռներով նախորդ վեց ամիսներին Հայաստան էր հասել շուրջ 58 հազար տոննա ցորեն՝ նախատեսված 100 հազար տոննայից:
Երկրորդ. 2005-2007 թվականներին հայ-թուրքական խորհրդապահական բանակցություններն ընթանում էին փոխարտգործնախարարների մակարդակով: Այս ընթացքում տեղի էին ունենում նաեւ արտգործնախարարներ Աբդուլլահ Գյուլի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումները, որոնք հույս էին ներշնչում, թե բեկում կլինի: Բեկումը չեղավ, քանի որ Թուրքիան կրկին բանակցությունների օրակարգ բերեց նախապայմանները, նախ եւ առաջ՝ Արցախի հարցը:
Երրորդ՝ 2008-2009 թվականներին ֆուտբոլային դիվանագիտություն. նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Սերժ Սարգսյանը այցելեցին համապատասխանաբար Երեւան եւ Բուրսա՝ միասին դիտելու Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումները, իսկ 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվեցին վիճահարույց եւ խիստ քննադատությունների արժանացած, բայց նաեւ միջազգային հանրության կողմից ողջունված երկու արձանագրությունները: Թուրքիան հրաժարվեց արձանագրությունները վավերացնելուց՝ կրկին հղում կատարելով Արցախյան հակամարտությանը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթաց կամ բեկում մտցնելու նպատակով էական քայլ չի արել:
Հայաստանի անփոփոխ կեցվածքը՝ հարաբերություններ առանց նախապայմաների
Հայաստանի բոլոր չորս ղեկավարները՝ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայ-թուրքական հարաբերությունների հարցում առաջնորդվել են «առանց նախապայմաների» սկզբունքով, սակայն մանրամասների հարցում եղել են էական տարբերություններ:
Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ բերելը եւ Մոսկվայի 1921 թվականի մարտի ռուս-թուրքական պայմանագրում Հայաստանին վերաբերող կետերի ապօրինի ճանաչելը, ինչպես պահանջում էր ՀՅԴ-ն, չեն օգնելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը:
1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրում, որի տակ դրված է այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ասվում էր. «Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Իրականում, սակայն, Տեր-Պետրոսյանը դեմ էր Հռչակագրում Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության ներառմանը, սակայն ենթարկվեց իր թիմակիցների կամքին, որոնք մեծամասնություն էին կազմում այդ հարցում:
Հետագայում Տեր-Պետրոսյանը քննադատության ենթարկվեց այն բանի համար, որ 1995 թվականին ընդունված Սահմանադրության մեջ Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության հարցերը չեն ներառվել:
Նախագահի պաշտոնում Ծիծեռնակաբերդ իր առաջին ապրիլքսանչորսյան այցի ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ «բանակցությունների սեղանի վրա պետք է լինի նաեւ ցեղապանության հարցը», ինչպես նաեւ ցանկալի համարեց, որ Հայաստանի Սահմանադրության մեջ տեղ գտնի պետության վերաբերմունքը ցեղասպանության նկատմամբ:
Քոչարյանի նախագահության ընթացքում՝ 2005-ին, կայացավ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Ինչպես առաջին`1995-ի Սահմանադրության մեջ, այնպես էլ բարեփոխվածում, Հայոց ցեղասպանության մասին խոսք չկար: ՀՅԴ-ն, որ պահանջում էր Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հայկական կետերի ապօրինի ճանաչումը, այդ հարցը այլեւս չբերեց օրակարգ, թեեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունների մաս կազմեց:
Թեեւ Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության հարցը չբերեց արտաքին քաղաքականության օրակարգ, սակայն նրա նախագահության տարիներին մի շարք պետություններ, այդ թվում Ռուսաստանի խորհրդարանը, ճանաչեցին այն: Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքում միակը Ռուսաստանն է, որ օգտագործել է «Արեւմտյան Հայաստան» եզրույթը: Բացի այդ՝ նույն 1995 թվականին բացվեց Հայոց ցեղասպանության թանգարանը, Երեւանում կազմակերպվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված հեղինակավոր միջազգային առաջին խորհրդաժողովը:
1992-ին հայկական ուժերը մտան Խոջալու, ազատագրեցին Շուշին, բացեցին Լաչինի մարդասիրական միջանցքը, սակայն Հայաստանին հաջողվեց կանխել թուրքական սպառնալիքը:
1996-ի դեկտեմբերին Փարիզում ֆրանսահայերի հետ հանդիպմանը Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Թուրքիան` իբրեւ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործած պետություն, իրավունք չունի մասնակցելու ԵԱՀԿ շրջանակում ընթացող ղարաբաղյան կարգավորման բանակցություններին. «Հայաստանը պետք է Թուրքիայի դիրքերը թուլացնի`արծարծելով Ցեղասպանության հարցը եւ պահանջատիրությունը: Մենք փոխհատուցման խնդիր ունենք»:
Ստանձնելով Հայաստանի նախագահի պաշտոնը՝ Քոչարյանը մոտ մեկուկես տարի անց ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած իր ելույթով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դրեց արտաքին քաղաքականության օրակարգում: Թե այդ քայլը ինչ տվեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ ղարաբաղյան կարգավորմանը, շարունակում է վեճի ու հակասական մեկնաբանությունների տեղիք տալ:
Քոչարյանը հայտարարեց, որ ցեղասպանությունը օրակարգ բերելու հարցում «ուշացել ենք մոտավորապես յոթ տարի» եւ «անկախություն ձեռք բերելուց անմիջապես հետո մենք այս թեման պետք է բարձրացնեինք»:
Թուրքերն առաջարկում են ձեւավորել պատմաբանների համատեղ հանձնաժողով
2005 թվականի մարտին, երբ ընթանում էին հայ-թուրքական գաղտնի բանակցություններ, վարչապետ Էրդողանը Հայաստանին առաջարկեց ձեւավորել պատմաբանների համատեղ հանձնաժողով:
Հայաստանի առաջին նախագահն ու նրա շրջապատը համարում են, որ Հայոց ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության օրակարգ բերելը կոպտագույն սխալն էր, եւ հենց դա էր, որ ի վերջո բերեց պատմաբանների եւ միջկառավարական հանձնաժողով ձեւավորելու առաջարկին 2009-ի ցյուրիխյան արձանագրությունում:
Իր հարցազրույցներից մեկում Տեր-Պետրոսյանն ասել է. «Ցեղասպանության հարցը ո՛չ մենք, ո՛չ էլ նրանք (թուրքերը) չէին շոշափում: Քոչարյանի անզգույշ քայլից հետո, երբ նա ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց ցեղասպանության հարցը, Թուրքիան հանդես եկավ հակընդդեմ առաջարկով, թե՝ քանի որ դու բարձրացնում ես այդ հարցը, եկեք ստեղծենք պատմաբանների հանձնաժողով, թող ուսումնասիրեն այն: Քոչարյանն ընկավ թակարդը: Քոչարյանը գնաց, Սերժ Սարգսյանը մնում է այդ թակարդում: Սարգսյանի հետ մեր դիրքորոշումները, որ պետք է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները, բացի այդ հարցից, ամբողջությամբ համընկնում են: Հարաբերությունների վերականգնման մասին արձանագրություններում նրանք ներառել են պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին կետ: Մենք կտրականապես դեմ ենք այդ կետին, քանի որ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ կասկածի տակ է դրվում ցեղասպանության փաստը»:
Հանձնաժողով ձեւավորելու առաջարկը թուրքական կողմը կրկնեց 2005-ի ապրիլին, երբ խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ լսումների ժամանակ արտգործնախարար Գյուլը հայտարարեց, որ վարչապետ Էրդողանը նամակ է գրել Քոչարյանին՝ առաջարկելով, որպես առաջին քայլ, համատեղ հանձնաժողով ստեղծել «Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մեղադրանքներն ուսումնասիրելու համար»:
Էրդողանը ապրիլի կեսերին Քոչարյանին հղած նամակով առաջարկում էր «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված համատեղ խումբ ստեղծել՝ ուսումնասիրելու 1915 թվականի զարգացումներն ու իրադարձությունները ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի, այլեւ խնդրին առնչվող բոլոր երրորդ երկրների արխիվներում»:
2005-2007 թվականներին հայ-թուրքական շփումները, ինչպես մի հարցազրույցում ասել է հայկական կողմից բանակցող, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ընթանում էին վարչապետ Էրդողանի եւ նախագահ Քոչարյանի միջեւ փոխանակված նամակների հիման վրա: «Բանակցություններ վարելու ընթացքում մենք առաջարկում ենք ստեղծել, ինչպես նախագահի նամակում է ասված, միջկառավարական հանձնախումբ, որը կզբաղվի առկա տարբեր խնդիրների լուծմամբ»,- ասել է Կիրակոսյանը:
Քոչարյանի վարչակազմի համար, թվում է,1915-ը նաեւ ճնշման գործիք էր թուրքերի դեմ: Ամերիկացի դիվանագետների հետ մի զրույցում Քոչարյանն ասել է, որ սփյուռքահայ կազմակերպությունները ճնշումներ են բանեցնում, որպեսզի Երեւանը աջակցի Կոնգրեսում հայկական բանաձեւի անցկացմանը, սակայն ինքը հրաժարվել է. «Ես դա չեմ ուզում: Իմ ուզածն այն է, որ սահմանը բաց լինի»:
Այս զրույցը, ըստ WikiLeaks-ի, կայացել է 2007 թվականի մարտի 30-ին ամերիկացի դիվանագետ, պետքարտուղարի տեղակալի օգնական Բրայզայի եւ նախագահ Քոչարյանի միջեւ: Հազարավոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծած այս կայքը ներկայացրել է մեկ այլ զրույց, որը կայացել է Բրայզայի եւ արտգործնախարար Օսկանյանի միջեւ, կրկին 2007-ին: Համաձայն պետքարտուղարություն ուղարկված գրության՝ Օսկանյանն ասել է, որ եթե Թուրքիան հակված լինի բացելու սահմանը, ապա ինքը կմեկնի Վաշինգտոն` Հայաստանի ընկերներին եւ հայամետ խմբերին հետ պահելու ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից: Ինչպես նշել է Օսկանյանը, եթե Թուրքիան ցանկություն ունենար վերագործարկելու Կարս-Գյումրի երկաթգիծը, դա Հայաստանի իշխանությունների համար բավական կլիներ, որպեսզի ցեղասպանության հարցով զբաղվի միայն ամերիկահայ համայնքը: Արտգործնախարարն ասել է, որ Հայաստանը չի կարող երաշխավորել ցանկալի արդյունք, սակայն հավաստիացրել է, որ կփորձի Վաշինգտոնի բարեկամներին համոզել, որ ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը հակասում է Հայաստանի շահերին, եթե, անշուշտ, թուրքերն իրական տեղաշարժ արձանագրեն սահմանի բացման հարցում:
Սերժ Սարգսյանի փորձը
2008-ի հունիսի 23-ին՝ Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Բացի այդ՝ «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ»:
Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը գուցե խիզախ քայլ էր, սակայն նա, փոխանակ փոխզիջումների գնալու Արցախում, որպեսզի թուրքերը եւս գնան փոխզիջումների, իրեն, հայ ժողովրդին եւ միջազգային հանրությանը փորձում էր համոզել, որ հայ-թուրքական եւ արցախյան հարցերը զուգահեռ գործընթացներ են, եւ մեկը մյուսի հետ կապ չունի:
Հայաստանի առաջին նախագահը իր հրապարակային ելույթներից մեկում Քոչարյանի ու Սարգսյանի իշխանությունների հասցեին ծանր մեղադրանքներ հնչեցրեց՝ հայտարարելով, թե նրանք «բառացիորեն պղծեցին ցեղասպանության սուրբ գաղափարը՝ այն վերածելով քաղաքական աճուրդի ու սակարկության առարկայի»:
Հետագայում Տեր-Պետրոսյանը ավելի կոշտ որակումներ գործածեց` «ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը համարելով Հայոց ցեղասպանության ուրացում»:
Տեր-Պետրոսյանը քննադատեց ոչ միայն Սարգսյանին, այլեւ Քոչարյանի վարչակազմին, որի իշխանության սկզբից իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակվեց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը:
«Թե՛ օբյեկտիվ պատճառով եւ թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծման նկատառումով Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը` հայ-թուրքական սահմանի բացման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի տարիներ առաջ արած համարյա մոռացված առաջարկին: Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց ցեղասպանությունը: Ես մեղմ եմ արտահայտվում. վստահաբար, Սարգսյանի վարքը շատ ավելի անխնա գնահատականների է արժանանալու Հայաստանի եւ մանավանդ Սփյուռքի արմատական շրջանակներում»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Օտարերկրացի լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը երկու անգամ՝ 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին եւ հետո, հայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունի:
Աշխարհի մի քանի տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ անկախ այն հանգամանքից՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ճանաչման հարցը եղե՞լ է, թե՞ ոչ: Պաշտոնական Երեւանը եւ Սփյուռքը հատկապես կարեւորել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության մասին խոսել է բազմիցս, այդ թվում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, երբ հայ համայնքի ներկայացուցչի հարցին ի պատասխան ասաց. «Այո՛, մի օր թուրքերը պետք է առերեսվեն իրականության հետ, սակայն ձեր նախագահը (Սերժ Սարգսյան) ինձ զանգել ու ասել է, որ ներկայում բանակցությունների մեջ է Թուրքիայի հետ, ուստի մենք չենք խոչընդոտի այդ ընթացքը»:
Այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության օրոք, հայ-թուրքական գործընթաց չկա: Ավելի հարմար պահ, քան այսօր է, դժվար է պատկերացնել: Կարտասանի՞ արդյոք նախագահ Բայդենը «Հայոց ցեղասպանություն» բառերը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։