US Defense One հանդեսում հրապարակած հոդվածում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հայտարարել է, որ «Ամերիկայի նախագահը պետք է հարկադրի հայերին տրամադրել ականապատված տարածքների քարտեզները»:
Նա պնդել է, որ թեեւ նոյեմբերի 10-ից կրակը դադարել է, սակայն հայկական կողմի՝ քարտեզները չտրամադրելու հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում դեռ մարդիկ են զոհվում ու վիրավորվում:
Ըստ պաշտոնական Բաքվի հաշվարկների՝ հրադադարից ի վեր ականների պայթյունից զոհվել է Ադրբեջանի 20 խաղաղ բնակիչ ու զինվորական, 85-ը՝ վիրավորվել:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն, առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ, փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հարցով միջազգային ճնշումներին ի պատասխան:
ՀՀ արտգործնախարարությունն ընդգծել է, որ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը զուտ հրապարակային բնույթի է: «Հակամարտության ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլեւ ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում եւ Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հավելենք, որ Բաքվի ղեկավարությունն էլ երեկ՝ Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցից հետո, Վաշինգտոնին հորդորել է պատմական սխալ չգործել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ պատմությունը պետք է ուսումնասիրվի պատմաբանների կողմից, եւ իր երկիրը վճռականորեն կդատապարտի, եթե ԱՄՆ նախագահն արտասանի այդ բառը։ Նա մեջբերել է նաեւ Իլհամ Ալիեւի խոսքերը, ըստ որոնց՝ Թուրքիայի դեմ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ նաեւ Ադրբեջանի դեմ է։