Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով․ «Ես ամաչում եմ, որ դա մինչեւ օրս տեղի չի ունեցել»:
Քերոլայն Քոքսը գոհունակությամբ նշել է, որ Միացյալ Թագավորության մաս կազմող Ուելսն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ մայրաքաղաք Քարդիֆում տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
Բարոնուհին խոսել է հայոց երեք ցեղասպանությունների մասին՝ նշելով, որ առաջինը տեղի ունեցավ 1915-ին Օսմանյան կայսրությունում, իսկ մյուս երկուսն իրականացվեց Արցախի դեմ 1990-1994-ին եւ 2020-ի վերջին պատերազմի ժամանակ: «Վերջին պատերազմը լի էր պատերազմական հանցագործություններով: «Genocide Watch» անկախ միջազգային կազմակերպությունը վերջին պատերազմը բնորոշեց որպես ցեղասպանություն»,- ընդգծել է 85 անգամ Հայաստան այցելած Քոքսը։