Կանադայի Մարդու իրավունքների թանգարանի տնօրեն Իշա Խանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում ընդգծել է, որ պետք է հիշել անցյալում տեղի ունեցած անարդարությունները՝ համատեղ ապագա կառուցելու համար:
Խանն ասել է, որ Կանադայի Մարդու իրավունքների թանգարանում ներկայացված է Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ դրան հաջորդած մյուս ցեղասպանությունների պատմությունը, եւ ցավով արձանագրել, որ առաջիկայում թանգարանը կընդլայնվի՝ վերջին տարիներին տեղի ունեցած կոտորածների փաստերի ցուցադրությամբ:
Իշա Խանն ընդգծել է, որ թանգարանի այցելուները տեղեկանում են Օնտարիո՝ Ջորջթաուն բերված հայ որբացած երեխաների մասին, որոնք այստեղ նոր կյանքի հնարավորություն ստացան։ Տեղեկանում են նաեւ Կանադայի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի հայերի՝ կատարվածի վերաբերյալ լռությունը կոտրելու ջանքերի մասին:
«Թանգարանում ներկայացնելով կորստի, քաջության այս պատմությունները՝ մեր հարգանքն ենք մատուցում բոլոր զոհվածներին: Այդպիսով մենք փորձում ենք արդարություն հաստատել՝ հաշվի առնելով սկզբունքը, որ բոլոր մարդիկ ծնվել են ազատ, հավասար եւ արժանապատիվ կյանք ունենալու համար: Մեր պարտականությունն է այժմ իրականություն դարձնել այդ սկզբունքները»,- հայտարարել է Մարդու իրավունքների թանգարանի տնօրենը: