«Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ լարվածությունն այս ապրիլի 24-ին դարձել է այն հիմնական գործոնը, որով պայմանավորված է Թուրքիայի բարոյահոգեբանական մթնոլորտը»,- գրում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այս առումով «փշերի վրա» է նաեւ Թուրքիայի հայությունը: Թերթը մեջբերել է Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի եւ Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունները, որ նրանք արել են թուրքական «Անատոլու» գործակալությանը տված հարցազրույցում:
«Մեր նախնիների նվիրական հիշատակի՝ մի շարք երկրների կողմից քաղաքական շահերի գործիքի վերածվելը վրդովմունք է պատճառում մեզ»,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է պատրիարքը: «Ժամանակ» թերթը, մեկնաբանելով պատրիարքի խոսքերը, գրում է. «Նորին Ամենապատվությունը համոզված է, որ արտասահմանի իրադարձությունները չեն նպաստում երկու ժողովուրդների մերձեցմանը, այլ ընդհակառակը՝ թշնամական զգացումների գրգռմամբ դանդաղեցնում են հաշտությունը» ։
Նույն գործակալությանը տված հարցազրույցում Պետրոս Շիրինօղլուն նշել է, թե 1915 թվականի դեպքերին քաղաքական նպատակներով միջամուխ դարձած Ամերիկայի Միացյալ Նահանգների, մի շարք երկրների եւ Եվրամիության մոտեցումը ինքը հեռու է համարում բարյացակամ լինելուց։
«Ժամանակ»-ը տեղեկացնում է նաեւ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի հայոց պատրիարքին՝ նրա կատարած հայտարարության համար: