«Կարծում եմ՝ Հայաստանը հրաշալի տուրիստական ուղղություն կարող է լինել․ հիանալի բնություն ու մշակութային ժառանգություն ունի, մարդիկ ընկերասեր ու բարի են, գիշերն էլ շատ տեղեր կան գնալու, ու այդ ամենը թանկ չէ։ Իսկ ուտելիքը շա՜տ համեղ է»,- ասում է Մելանի Պալերմոն ու հավելում՝ ուրախացել էր, որ Հայաստանն ավելի էժան երկիր է, քան իր երկիրը՝ Իտալիան, զարմացել էր այստեղ ջրի ու էլեկտրականության ցածր գնից։
Իտալացի աղջիկը Հայաստանում եղել է կորոնավիրուսի համավարակից առաջ, «Էրազմուս+» ծրագրի շրջանակում որպես ուսանող, բայց նաեւ հասցրել է Հայաստանում շատ ճամփորդել։ Ասում է՝ երբ տեսել է «Էրազմուս+»-ի հայտարարությունը Հայաստանում սովորելու մասին, Հայաստանի մասին ոչինչ չի իմացել, դրա համար էլ որոշել է գալ ու բացահայտել մեր երկիրը։
Մելանիի կարծիքով Հայաստանում տուրիզմի խնդիրը սխալ մշակված ռազմավարությունն է։ «Շատ հաճախ առաջ է մղվում միայն Երեւանը, իսկ մյուս քաղաքներն անտեսվում են։ Նաեւ կարծում եմ, որ շեշտը դրված է հիմնականում կրոնական մշակութային ժառանգության վրա, մինչդեռ շատ այլ վայրեր էլ կան, որտեղ կարելի է տուրիզմը զարգացնել ու դրանք դարձնել զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություններ։ Օրինակ՝ Հայաստանում իմ ամենասիրած վայրերից մեկը Խնձորեսկն է»,- ասում է Մելանին։ Նա եղել է նաեւ Սեւանում, Նորավանքում, Արենիում, Տաթեւում, Ծաղկաձորում, Գյումրիում, Վանաձորում, Տաշիրում եւ Մեծավանում։
Մելանիի համար մյուս խնդիրը լեզվական է։ Ասում է՝ եթե կարողանում ես ռուսերեն խոսել, այստեղ քեզ համար ավելի հեշտ կլինի, քանի որ շատ մարդիկ, հատկապես տարեցները, անգլերեն չեն խոսում։ Մելանին ինքը, օրինակ, տաքսու վարորդների հետ ռուսերեն էր խոսում։ «Շատ կարեւոր է հայերեն կամ ռուսերեն իմանալը հատկապես «մարշրուտկա» նստելիս։ Դրանցից Երեւանում շատ կա, բայց ես չէի հասկանում, թե դրանք ինչպես են աշխատում,- ծիծաղում է Մելանին,- դրա համար էլ միայն ընկերներիս հետ էի նստում, իսկ ավելի շատ տաքսիով էի երթեւեկում»։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանի պնդմամբ մինչեւ համավարակը տուրիզմը Հայաստանում բնականոն հունով ընթանում ու տարեցտարի զարգանում էր, սակայն խիստ սահմանափակումների պատճառով տուրիզմի ոլորտում եւս անկում է գրանցվել։ «Անցած տարի ունեցել ենք մոտավորապես 375․000 զբոսաշրջիկ, ինչը բավականին մեծ հարված է հասցրել մեր ոլորտին։ Համավարակից առաջ, օրինակ՝ 2019 թվականին, Հայաստան այցելել է գրեթե 1․9 միլիոն զբոսաշրջիկ։ Չնայած այս մեծ տարբերությանը՝ վստահ ենք, որ ոլորտը կկարգավորվի, կշարունակի զարգանալ ու էլ ավելի ուժեղանալ»,- իր լավատեսությունն է հայտնում Ալֆրեդ Քոչարյանը։
Աշխարհի բոլոր երկրները տուրիզմի ոլորտում իրենց ուժեղ ու թույլ կողմերն ունեն, Հայաստանում էլ է այդպես։ Մինչեւ այժմ Հայաստանն աշխարհին հայտնի է եղել կրոնական տեսանկյունից՝ որպես առաջին քրիստոնյա երկիր, սակայն հիմա փորձեր են արվում զարգացնելու նաեւ արկածային տուրիզմը, գաստրոտուրիզմը եւ այլն։
Վերջերս հաճախ են խոսում Հայաստանի՝ կրոնական զբոսաշրջության կենտրոն դառնալու մասին։ Պարոն Քոչարյանի կարծիքով Հայաստանն արդեն իսկ կրոնական ուղղություն է, սակայն եթե համեմատենք, օրինակ, Վատիկանի հետ, դեռ շատ տեղ ունենք զարգանալու։ «Դա մեր ուշադրության կենտրոնում է, բայց մենք տուրիզմը բոլոր ուղղություններով ենք ուզում զարգացնել։ Եթե այս տարի ունենք, օրինակ, 40 քայլարշավային երթուղի, մյուս տարի շատացնելու ենք։ Նախատեսում ենք հարմարություններ ստեղծել հաշմանդամների համար»,- նշում է Ալֆրեդ Քոչարյանը։
Ավելի շատ զբոսաշրջիկներ գրավելու համար նաեւ մարքեթինգն են ուժեղացնում, որպեսզի Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում ավելի բարձրանա, ու մարդիկ ավելի իրազեկվեն։ Այդ ուղղությամբ համացանցում գովազդային արշավներ են իրականացվում, հանրահայտ պարբերականներում Հայաստանի մասին հոդվածներ են տպագրվում, պետությունը եւ տուրիզմի ոլորտի մասնավոր ներկայացուցիչները միջազգային ցուցահանդեսների են մասնակցում՝ ներկայացնելով մեր երկիրը։ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն նաեւ դեպի Հայաստան ճանաչողական այցեր է կազմակերպում։ «Ամեն տարվա սկզբում կոմիտեի ծրագրում նշվում են մեր թիրախային երկրները, այդ երկրների խոշոր հեռուստաընկերություններին հրավիրում ենք, որ գան, նկարահանեն Հայաստանը, ու դա էլ է շատ օգնում մեր տարածմանը։ Այս տարի արդեն երկու նկարահանում եղել է Ռուսաստանից»։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կարծիքով Հայաստանում կան ու հաջողությամբ գործում են տուրիզմի բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք ուրիշ երկրներում էլ կան, սակայն, իհարկե, պետք է ավելի զարգացնել։ Տուրիզմի ենթակառուցվածքների մեջ մտնում են բնակարանները, հյուրանոցները, սննդի կետերը, տրանսպորտային, տեղեկատվական համակարգերը եւ այլն։ Պահանաջարկի մեծացման հետ Հայաստանում դրանց ծավալն ավելի կմեծանա։
«Ես ինքս կուզեի Հայաստանում ավելի շատ միջազգային ցանցի հյուրանոցներ տեսնել, հատկապես մարզերում, որտեղ դրանց միջոցով հնարավոր կլինի զարգացնել «MICE» տուրիզմը (Meetings, incentives, conferences, exhibitions-հանդիպումներ, խթաններ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ), երբ մարդիկ տարբեր երկրներից գալիս ու ինչ-որ միջոցառումներ են կազմակերպում։ Դրա համար մեզ պետք են մեծ դահլիճներով մեծ հյուրանոցներ, իսկ մարզերում այդպիսիք չկան»,- ասում է Ալֆրեդ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ոլորտը սպասարկող մարդկանց պրոֆեսիոնալիզմին, նա գտնում է, որ զարգանալու տեղ կա։ «Հիմա քննարկումներ ենք անցկացնում, մտածում ենք ինչպես բարձրացնել սպասարկման որակը հատկապես Երեւանից հեռու վայրերում, երեւի թրեյնինգներ կանցկացնենք կամ այլ տարբերակներ կգտնենք»։
Տուրիզմն այստեղ սեզոնային բնույթ էլ ունի․ զբոսաշրջության երկու փուլ կա՝ բարձր ու ցածր։ Բարձրը տեւում է մայիսից հոկտեմբեր։ Հայաստան ամենաշատը այցելում են Ռուսաստանից ու Գերմանիայից։ Զբոսաշրջիկներին Հայաստան բերում են այստեղի հին մշակույթը, պատմությունը, մարդկանց հյուրընկալությունը, տաք եղանակը, համեղ սնունդն ու մատչելի հանգիստը։ Նրանք հասցնում են լինել ամբողջ Հայաստանում, սակայն կան մարզեր, որոնք ավելի զբոսաշրջային են դարձել, օրինակ՝ Տավուշը կամ Կոտայքը։ Դրա մասին է վկայում նաեւ հյուրանոցների թիվը․ Երեւանից հետո ամենաշատ հյուրանոցները Ծաղկաձորում եւ Դիլիջանում են։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում ավելի զարգացել է ներքին տուրիզմը։ «Որքան որ ես եմ հիշում, 2020 թվականին ներքին տուրիզմի հանդեպ ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերվել, եւ մենք այս ալիքը բաց թողնել չենք ուզում։ Մայիսի վերջին ներքին էքսպո ենք կազմակերպելու, որտեղ բոլոր մարզերը կարող են իրենց ներուժը ներկայացնել, որ մարդիկ էլ իմանան ու ավելի հետաքրքրվեն ներքին տուրիզմով»,-ասում է պարոն Քոչարյանը։