ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ դատապարտելու համար շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի արտգործնախարարությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ վարչապետ Փաշինյանը, նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների եւ արժեքների առաջնայնությունը, շեշտել է.
«Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության եւ պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո»։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում»,- ընդգծել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մարդասիրության սկզբունքներին: Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման եւ ցեղասպանությունների կանխարգելման գործում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը»,- շեշտել է Գարեգին Երկրորդը։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քայլը իմաստուն ու քաջ արարք որակելով, մասնավորապես նշել է. «1915-ին Օսմանեան թուրք պետութեան կողմէ հայ ժողովուրդին դէմ ծրագրուած ու գործադրուած ցեղասպանութիւնը յիշել իր ճշգրիտ, պատմական եւ իրաւական անուանումով՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանն անկյունաքարային նշանակություն տալով, շեշտել է.
«Հարկ է բարձր գնահատել ԱՄՆ նախագահի անձնական ջանքն ու կառավարության քայլը՝ իրերն իրենց անունով կոչելու եւ համամարդկային այդ աղետի միջազգային ճանաչման գործում ներդրած հսկայական եւ անուրանալի ավանդի համար»: