Ըստ գերմանական «Deutsche welle» («Գերմանական ալիք») պարբերականի՝ Թուրքիան ժխտում է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, եւ ԱՄՆ-ն զերծ էր մնում այդ բառն օգտագործելուց: Բայդենի հայտարարությունը նախընտրական խոստման իրականացումն է, բայց դա կարող է խնդիրներ առաջացնել ամերիկա-թուրքական հարաբերություններում:
Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի համաձայն՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» որակելով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ ավելի փչացրեց ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունները:
BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ ըստ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ղեկավար Արամ Համբարյանի՝ Սպիտակ տան անունից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության շրջադարձի մասին է վկայում: Ինչպես նշել է Համբարյանը, թեեւ Ջո Բայդենի ուղերձն իրավական ուժ չունի, սակայն էականորեն ազդելու է միջազգային իրավիճակի վրա, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում:
Ըստ ամերիկյան The New York Times պարբերականի՝ նախագահ Բայդենը հայերի զանգվածային սպանությունները որակել է «ցեղասպանություն»՝ նման կերպ պատրաստ լինելով փորձության ենթարկելու ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակից Թուրքիայի հետ օրըստօրե փչացող հարաբերությունները:
«Ցեղասպանության ճանաչումը Բայդենի վարչակազմի հավատարմությունն է մարդու իրավունքներին՝ նրա արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկին: Դա նաեւ տարբերվում է Բայդենի նախորդներից, որոնք չէին ուզում բարկացնել ռազմավարական կարեւորություն ունեցող երկրին»,- հավելել է The New York Times-ը:
Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ Ջո Բայդենը դարձավ պատմության մեջ ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Բանն այն է, շարունակում է պարբերականը, որ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ եւ ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակից լինելու հանգամանքը տասնամյակներ շարունակ ԱՄՆ նախագահներին խանգարել է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ընդսմին Միացյալ Նահանգների եւ Անկարայի հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն փչացել են:
Ըստ իրանական ParsToday-ի՝ թուրք փորձագետ եւ վերլուծաբան, Գերմանիայի մահմեդականների կենտրոնական խորհրդի անդամ Բուրհանետտին Դաղն ասել է, որ շաբաթ օրը Օսմանյան կայսրության ժամանակ իրականացված հայերի ցեղասպանության ճանաչմամբ Ջո Բայդենը Թուրքիային ուղերձ է հղել, որ Վաշինգտոնի քաղաքականությանը դեմ լինելը Անկարայի համար կարող է ունենալ շատ բացասական հետեւանքներ:
Նշելով, որ ցավալի է հայկական հարցի շահարկումը նման նպատակի համար,՝փորձագետը նշում է, որ Հայոց ցեղասպանության հարցը գործիք է Արեւմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների ձեռքում՝ հավելելով. «Միացյալ Նահանգները երկար տարիներ գաղտնի եւ բացահայտ կերպով կիրառել է այդ գործիքը»:
Washington Post պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: «Սակայն ամերիկացի ընթերցողն, ըստ երեւույթին, չհասկացավ՝ ինչու դա արվեց, ում էր պետք, եւ ինչ կապ ունի այդ ամենի հետ Միացյալ Նահանգները: Արդեն հնչում են համարձակ առաջարկներ՝ վերջապես ճանաչելու սեփական բնիկ ժողովրդի ցեղասպանությունը: Ամերիկացի շարքային ընթերցողի մոտեցումն այս հարցին՝ միգուցե ժամանակն է, որ վերջ տանք մեզ երեւակայելուն»,- գրում է պարբերականը: