«Հադրութս ուրիշ է, Հադրութի մաքուր օդը, ջուրը, հողը, մրգերը… եթե մեկ անգամ լինեիք էնտեղ, կհասկանայիք ինձ։ Ի՞նչ եմ կորցրել էստեղ, ես իմ տունն եմ ուզում, իմ որդու, հարսի, ամուսնու գերեզմաններն էնտեղ են»,- ասում է ութսունչորսամյա Անիչկա տատիկը, որը հարազատ քաղաքը վերջին լքողներից է եղել։
Միրզոյանների ընտանիքը պատերազմը սկսվելուն պես լքել է Հադրութը։ Մի որդին՝ Վախթանգը, կնոջ եւ չորս անչափահաս երեխաների հետ որոշ ժամանակ ապաստանել է Ստեփանակերտում, մյուս որդու՝ Անդզորի ընտանիքն անմիջապես տեղափոխվել է Էջմիածին՝ կնոջ հայրական տուն։ Իսկ բաբոն, ինչպես իրենք են դիմում տատիկին, ընդհանրապես մտադրություն չի ունեցել լքելու տունը, մշտապես ասել է․ «Ես էստեղ եմ ծնվել, էստեղ մեծացել․ էստեղ էլ պետք է մեռնեմ»։
Միայն հոկտեմբերի 8-ի առավոտյան համայնքապետն է համոզել տատիկին մի քանի օրով տեղափոխվել ապաստարան, եւ ճանապարհին է բաբոն գլխի ընկել, որ գնում են Հայաստան։ Գորիսի եւ Սիսիանի ապաստարաններում տեղ չգտնելու հետեւանքով գնացել են Երեւան, որտեղ հադրութցի հարեւանի որդին օգնել է հասնելու Էջմիածին՝ հարազատներին։
Վախթանգի կինը՝ Լուսինեն, վերհիշելով Ստեփանակերտում անցկացրած օրերը, նշում է․ «Սարսափելի զգացում էր, գիշերները չէիր ցանկանում քնել, չգիտեիր՝ առավոտյան կարթնանաս, թե չէ»։ Չորս օր այնտեղ մնալուց հետո ընտանիքը որոշել է չվտանգել երեխաների կյանքը եւ տեղափոխվել է Էջմիածին։ Երեխաներն էլ մինչեւ հիմա շատ պարզ հիշում են պատերազմի օրերը․ փոքրիկ Վիկտորյան ու Վլադիմիրը պատմում են, որ ճաշում էին, երբ հակառակորդը ռմբակոծել է քաղաքը, եւ իրենց արագ իջեցրել են նկուղ: «Միայն ձայներն էին շատ բարձր, մենք չէինք վախենում»,- ասում են երեխաները։ Իսկ փոքրիկ Տիգրանը օրեր շարունակ գիշերը արթնացել է ու ասել, թե հորաքրոջ շունը բակում է, թշնամին չի մտել իրենց տուն, Հադրութն իրենցն է։
Սկզբնական շրջանում երկու ընտանիքները միասին են ապրել Էջմիածնում, սակայն տարածքի փոքր լինելու պատճառով առանձնացել են։ Այժմ Վախթանգի ընտանիքը ապրում է վարձով մեկսենյականոց բնակարանում։
Ընդարձակ բակ, այգի, առանձնատուն ունենալուց հետո բազմահարկ շենքին ընտելանալը մի փոքր դժվար է եղել ընտանիքի համար. տունը փոքր է, խաղալու տարածք գրեթե չունեն։
Երեխաները այժմ ազատ ժամանակն անցկացնում են հիմնականում նկարելով, բնակարանում մի ամբողջ պատ զարդարված է երեխաների նկարներով։
Վլադիմիրը մեր խնդրանքով նկարեց իր հիշողությունների Հադրութը. «Ես ուզում եմ դառնալ հայտնի շախմատիստ եւ ամեն տեղ ասել, որ Հադրութից եմ»։ Փոքրիկ Տիգրանն ու Վահեն էլ մեզ պատմեցին, որ հաճախում են լողի։ Բաբոն հիշեց, որ իրենց տան կողքին մի մեծ գետ կար, եւ ամուսինը հաճախ էր բարձունքից նետվում գետը ու լողում, եւ հարեւաններն ամեն անգամ զգուշացնում էին իրեն, որ ամուսինն ընկել է գետը, իսկ նա էլ ասում էր՝ սովոր է, բան չկա։ Խոսքը ավարտելով՝ բաբոն, արցունքն աչքերին նայելով տղաներին, ասաց․ «Երբ մի օր այդ գետում լողաք, իրական չեմպիոն կլինեք»։
Երեխաներից դպրոցահասակ է միայն Վլադիմիրը, սովորում է երկրորդ դասարանում, ճիշտ է, կարոտել է հադրութցի ընկերներին, բայց այստեղ էլ շատ արագ կարողացել է ընկերներ ձեռք բերել։ Հայրիկն է սովորաբար օգնում նրան դասերը սովորելիս, բայց նա հիմա աշխատանքի պատճառով հաճախ է բացակայում քաղաքից։ Մայրիկն էլ չորս երեխաների հետ դժվարանում է պատշաճ ժամանակ տրամադրել նրան։ Ընտանիքի հայրը վարորդ է եւ պատերազմի օրերին պարբերաբար օգնություն է տարել առաջնագիծ։ «Ես շատ էի վախենում, ճի՛շտ հասկացեք, բազմազավակ մայր եմ, չեմ էլ ուզում պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե մենակ մնայի, բայց ամուսինս անընդհատ ասում էր՝ երկու որդի ունենք, մեծանան, ասելու են՝ պատերազմի օրերին քո փեշի տակ եմ ապաստան գտել»,- պատմում է Լուսինեն։
Բաբոն մեզ հետ զրուցելիս անընդհատ նայում էր պատուհանից դուրս ու ասում․ «Բա իմ Հադրութը էսպիսի՞նն էր, էնտեղ ոչ մի կեղտոտ փողոց չէիր տեսնի»։ Տատիկը օրերն անցկացնում է հիմնականում տանը, թեեւ ատում է անգործությունը, ամբողջ կյանքում տարբեր աշխատանքներ է արել՝ վաղ հասակից սկսած։ Անիչկա տատիկը երեք պատերազմ է տեսել եւ գնալով այդ օրեր՝ ակամա հիշեց, թե ինչպիսին էին հարաբերությունները թուրքերի հետ, ինչքան լավ գործընկերներ են եղել, մինչեւ հիմա շատ լավ հիշում է նրանց անունները․ «Անգամ մի թուրք աղջիկ կար, մեր տանն էր ապրում, բայց եթե հիմա տեսնեմ այդ գործընկերներիս, արդեն կվախենամ, վտանգ կզգամ, այս սերունդը այլեւս չի կարող ներել նրանց»։
Միրզոյանների ընտանիքը Հադրութը լքելիս չի կարողացել որեւէ փաստաթուղթ վերցնել, միայն անձնագրերն են հասցրել վերցնել ու տան բանալին։ Պարբերաբար օգնություն են ստանում պետությունից՝ հիմնականում սնունդ։
ժվարություններ ունեն երեխաներին մանկապարտեզ ուղարկելու հարցում․ հերթագրել են, բայց երկար պետք է սպասեն։ Կուզեին երեխաներին տարբեր խմբակների ուղարկել, բայց առաջարկները հիմնականում Երեւանում են, իսկ իրենք հնարավորություն չունեն անընդհատ մայրաքաղաք գնալու։ Երկու ընտանիքներում էլ միայն ամուսիններն են աշխատում, կանայք էլ ժպիտով նշում են, որ եթե մայրության հետ համատեղելի աշխատանք գտնեն, սիրով կաշխատեն եւ կաջակցեն ամուսիններին։
Պատրաստեցին Լիանա Մարկոսյանը եւ Մերի Մնացականյանը