«ՀՀ կառավարության պարտքը 2020 թվականին կազմել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 63 տոկոսը»,- կառավարության վերջին նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին եղել է 12,5 մլրդ դոլար, իսկ պետական պարտքը հատել է 8 մլրդ դոլարի սահմանը, մարտ ամսվա տվյալներով՝ 8 մլրդ 157 մլն դոլար։
Պետական պարտքի մասին օրենքի համաձայն՝ ՀՀ պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Բայց նախկին իշխանությունները երբ զգացին, որ հնարավոր չէ զսպել աճը, 2015-ին օրենքը փոխեցին, եւ Կենտրոնական բանկի պարտքը՝ մոտ կես մլրդ դոլարը, առանձնացրին կառավարության պարտքից։ Երկու տարի անց, երբ հասկացան, որ դա էլ չի փրկում, եւ մեր պարտքը սրընթաց աճում է, մեկ այլ օրենսդրական փոփոխությամբ սահմանեցին, որ ֆորս-մաժորային իրավիճակում կարող են հատել այդ սահմանը։
Եվ ահա անցած տարվա համաճարակն ու Արցախյան պատերազմը ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ կառավարության պարտքը կտրուկ՝ մոտ 13 տոկոսով աճեց։ Կառավարության նիստում Ատոմ Ջանջուղազյանը նաեւ հավելեց, թե կառավարությունը պետք է ձգտի առաջիկա հինգ տարիներին պարտքը վերադարձնելու 60 տոկոսից ցածր շեմի։
Իսկ ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը, որը գրել եւ Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ բյուջեի մոտ երկու տասնյակ նախագծեր, եւ որի պաշտոնավարման տարիներին են արվել վերը նշված օրենսդրական փոփոխությունները, չկարողացավ հիշել մի տարի, որ կառավարության պարտքը գերազանցի օրենքով սահմանված այդ շեմը։
Այնուամենայնիվ, դա արդեն իրողություն է եւ տնտեսական ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։ Եվ որ ամենակարեւորն է, հնարավո՞ր է՝ առաջիկայում մեր երկիրը կանգնի պարտքը կառավարել կամ սպասարկել չկարողանալու խնդրի՝ դեֆոլտի առաջ։ Հատկապես որ այս տարի միայն պարտքի սպասարկման համար բյուջեում նախատեսված է բավականին խոշոր գումար՝ 195 մլրդ դրամ կամ մոտ 370 մլն դոլար։ Առաջիկա մի քանի տարիներին հազիվ թե դա նվազի։ Պատկերացնելու համար, թե դա ինչ ահռելի բեռ է, նշենք, որ այն մեծությամբ երրորդն է սոցիալական եւ պաշտպանության ոլորտներից հետո։ Մեր պարտքի սպասարկման գումարն առաջ է անցել նաեւ կրթության եւ առողջապահության ոլորտներից։
Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում շեշտեց, որ անցած տարի աշխարհի ՀՆԱ-ն՝ տնտեսությունը եւ պարտքը հավասարվել են։ «Սա կարծես թե տրամաբանությունից դուրս է։ Թվում է՝ հնարավոր չէ ապահովել վերադարձման գործընթացը, բայց այդքան էլ այդպես չէ»,- ասաց նա։
Տնտեսագետի կարծիքով արտաքին պարտքի վերադարձման ամենակարեւոր աղբյուրը երկրի արտահանման հնարավորությունն է։ Եթե արտահանման ցուցանիշներն անհամեմատ ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն է, իսկ ՀՆԱ-ն ավելի արագ է աճում, քան արտաքին պարտքն է աճում, ուրեմն իրավիճակն այնքան էլ մտահոգիչ չէ։
Բայց անցած տարի մեր արտահանման ծավալները նվազել են, այս տարվա առաջին երկու ամիսներին՝ նույնպես։ Տնտեսագետն ասում է, որ մեկ-երկու տարիների ցուցանիշներն իր համար չեն կարող պետական պարտքի կառավարման կանխատեսման հիմք լինել․ «Ձեր հարցի պատասխանը ես չունեմ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, թե առաջիկա հինգ-վեց տարիներին տնտեսության, արտաքին առեւտրի եւ պարտքի աճի ինչ տեմպեր կգրանցվեն»։
Աշոտ Մարկոսյանը նաեւ հավելում է, թե կան բազմաթիվ երկրներ, որոնց պարտքը հավասար է իրենց ՀՆԱ-ին, անգամ ՀՆԱ-ից մեծ է, բայց նրանք հաջողությամբ դա կառավարում են։ Այս դեպքում տնտեսագետները միանգամից հիշում են ԱՄՆ-ին եւ Ճապոնիային։ ԱՄՆ-ում այդ ցուցանիշները գրեթե հավասար են, իսկ Ճապոնիայում պարտքի մեծությունը տնտեսության մեծությունից ավելի է մոտ երկուսուկես անգամ։
Մեկ այլ տնտեսագետ՝ Աշոտ Թավադյանը, իր գործընկերոջը հակադարձում է, թե կոնկրետ այդ երկու երկրներում պարտքի գերակշիռ մասը ներքին՝ սեփական քաղաքացիներին ունեցած պարտքն է։ «Ներքին պարտքը կառավարելն ավելի հեշտ է, կարող ես նոր արժեթղթեր բաց թողնել հին պարտքը փակելու համար, մինչդեռ արտաքին պարտքի տերերը կարող են քո առաջ տարբեր պայմաններ դնել։ Իսկ մեր արտաքին պարտքը մեր ողջ պարտքի 78 տոկոսն է»,- ասում է Թավադյանը։
Վերջինս նաեւ ընդգծում է, որ մեր երկիրը պարտավոր է իր պարտքն իջեցնել ՀՆԱ-ի 50 տոկոսին, քանի որ այդպես է սահմանված ԵՏՄ համաձայնագրում։ Իսկ ԵՏՄ անդամ երկրներում մեր երկրից բարձր՝ ՀՆԱ-ի 68 տոկոս պարտք ունի միայն Ղրղզստանը։
Համեմատության համար նա նշում է, որ Ռուսաստանի պարտքն անհամեմատելի ցածր է՝ 14,6, Ղազախստանինը՝ 23,4, Բելառուսինը՝ 31։ Իսկ հարեւան Վրաստանի պարտքը գրեթե հավասար է մեր պարտքին։ Ընդ որում՝ մեր երկու երկրներն իրենց պարտքը կտրուկ բարձրացրել են վերջին տարում:
Ինչ վերաբերում է դեֆոլտին, ապա Ա․ Թավադյանը քիչ հավանական է համարում, որ միջազգային դոնոր կազմակերպությունները, որոնցից մեր երկիրը պարտք՝ վարկեր է վերցնում, ՀՀ-ին ճանաչեն անվճարունակ։ «Նման իրավիճակներում միջազգային կառույցները թույլ են տալիս վարկի վերակառուցում։ Բայց դա մեր երկրին այդ կառույցների առաջ լրացուցիչ խնդրողի դերում է պահելու։ Եվ նրանք կարող են խստացնել վարկերի պայմանները։ Որպես կանոն, միջազգային կառույցները ձգտում են իրենց դոնոր երկրներին դեֆոլտի չհասցնելու»,- ասում է Թավադյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։