ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 77-րդ նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դարձյալ հայտարարել է, որ Բաքուն շարունակում է աշխատել «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի վրա»: Ըստ Ալիեւի՝ այն դառնալու է Ասիան Եվրոպային միացնող Արեւելք-Արեւմուտք միջանցքի մի մասը։
«Միջանցքը թույլ կտա ամրապնդել Ադրբեջանի դիրքերը Եվրասիայի կենտրոնում»,- հայտարարել է Ալիեւը` գործընկեր երկրներին հրավիրելով ուսումնասիրել տարածաշրջանային այդ նախագծի հեռանկարները։
Նախորդ շաբաթ եւս Ադրբեջանի նախագահը խոսել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու եւ այնտեղից Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նշել է, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Նա նաեւ հայտարարել է, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, շեշտել էր, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան, խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին է։