«Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։ Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգեւորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեւս միակ միջոցը, ամենեւին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»։